Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում լրագրողները հաճախ դիմում են ինքնագրաքննության. Freedom House (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
083442c9d5b20c7ad06b717da92eee6d

Հայաստանը մասնակի ազատ պետություն է։ «Ազատությունը աշխարհում 2016» ամենամյա զեկույցում այս գնահատականն  է տվել  Freedom House միջազգային  կազմակերպությունը։ «Կարելի էր ավելի խիստ գնահատական տալ։ Շատ մեղմ է Ֆրիդոմ Հաուզի զեկույցը»,- ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Freedom House-ը ոչ բավարար է համարում քաղաքական ազատությունների մակարդակը։ Ըստ զեկույցի՝ կուսակցությունները չնայած ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու ազատություն, սակայն իշխող ուժն իր ռեսուրսներով  պահպանում է իշխանությունը։ Իրավապաշտպանն այսպես է մեկնաբանում. «Բացարձակապես վարկաբեկված Հանրապետական կուսակցությունը, որն իշխող կուսակցություն է, մինչև վերջին ժամանակներս ամեն ինչ անում էր խաթարելու այդ ազատությունները։ Հիմա ինչ-որ չափով գիտակցել են իրենց մերժված լինելը և ոնց որ վերջին իրադարձություններից հետո շատ քիչ հետ են նահանջել»։ Freedom House-ի գնահատմամբ՝ փոքր-ինչ բարվոք է վիճակը քաղաքացիական ազատությունների մասով։ Թեև հավաքների ազատություն կա, սակայն անհամաչափ են լինում ոստիկանների գործողությունները։ «Ուղղակի ապականել է ոստիկանությունը հավաքները և հավաք հասկացությունը՝ բացահայտ անարգանքով մոտեցում, հայհոյանքներով մոտեցում դրսևորելով։ Սերժ Սարգսյանը, որը լրագրողներին ասում էր այլևս չի կրկնվի՝ ոստիկանական վայրագությունների, բանդիտական հարձակումների հետ կապված, բայց մենք տեղյակ ենք, որ երեկ ևս լրագրողի ծնոտ են ջարդել»,- նշում է Ժաննա Ալեքսանյանը։ Հայաստանը  100 բալանոց համակարգով ստացել է 46 միավոր, այս սանդղակում 0-ն վատագույն միավորն է, իսկ 100-ը՝ լավագույնը:  Նման գնահատականները չեն  անհանգստացնում իշխանության ներկայացուցչին։ «Ֆրիդոմ Հաուզի ռեյտինգով մենք բարձր տեղ ենք զբաղեցնում և միշտ պիտի հպարտ լինենք։ Պետք է աշխատենք ավելի բարձր տեղ գրավել։ Վատ տեղ չենք գրավում, մնում է միայն դրանով չբավարարվենք ու առաջ գնանք»,- նշում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը։ Ինչ վերաբերում է  մամուլի ազատությանը, ապա ազատ է  համարվել համացանցը, մասնակի ազատ՝ լրատվական դաշտը. Հայաստանի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցները գնահատվել են  կապակցված են քաղաքական ուժերին։ Զեկույցի հեղինակները նաեւ արձանագրել են՝  լրագրողները հաճախ ոտնձգություններից խուսափելու համար դիմում են ինքնագրաքննության։