Սարի թաղում լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձը հետապնդվում է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում քրեական հետապնդումէ հարուցվել ևս մեկ անձի՝ Դ. Ս.-ի, նկատմամբ: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին,որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում Դ. Ս.-ն ենթադրելով, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը նկարահանում է իրեն և չցանկանալով, որ իր վերաբերյալ տեսանյութեր տարածվեն ԶԼՄ-ներում, մոտեցել է լրագրողին, քաշքշել է, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Դ. Ս.-ն լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի: Այս կերպ՝ Դ. Ս.-ն խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն