Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նա փառահեղ է, բայց անհասկանալի. «Բաժբեուկ-Մելիքյաններ. Երկու սերունդ» (տեսանյութ)

Մշակույթ
bash

«Քննադատները և մարդիկ չեն հասկանում, որ Բաժբեուկ-Մելիքյանը իր հարյուրամյակի ամենավառ  ռոմանտիկ հեղինակներից  է: Նա փառահեղ է, բայց անհասկանալի»,- ասում էր հայտնի արվեստաբան Ալեքսանդր Կամենսկին: Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Բաժբեուկ-Մելիքյաններ. Երկու սերունդ» ցուցահանդեսը` նվիրված մեծանուն հայ գեղանկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ծննդյան 125-ամյա հոբելյանին և իր ստեղծագործ ընտանիքին` Լավինիային, Զուլեյկային և Վազգենին: «…Բաժբեուկի տանը տեսել էի մի նկարչություն, որը «մերի» հետ ոչ մի նմանություն չուներ… Մասիսներ չկային, Ալագյազ չկար, ծառ ու ծաղիկ չկար, տղամարդ չկար… Բոլորը կանայք էին, մերկ, կիսամերկ, «հուզական» դիրքերով, խորամանկ քմծիծաղով քեզ նայող, զգայական, հմայող, անհասանելի»… իր հուշերում գրել է նրա աշակերտ Էդվարդ Իսաբեկյանը: 1935-ին Երևանում բացվում է Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի անհատական ցուցահանդեսը, որի հովանավորներն էին Չարենցն ու Դրամբյանը: Այն առանձնակի արձագանք չի ստանում, Իսաբեկյանի խոսքով, «պարկեշտները» լռության են մատնում: «Նա ամեն բանից ավելի նկարչության մեջ գերադասում էր սեփական խառնվածքով հարցերը լուծելու ճանապարհը: Նա ծաղրում էր այն գռեհիկ ազգայիններին, որոնց նկարներից, եթե բացառվի աշխարհագրական հայտնի վայրը, տեղնուտեղը կվերանա ազգային նկարիչը»,- գրում էր նրա մասին Մինասը: «Գեներն» իրենցը ասացին և նրա երեք զավակներն էլ ընտրեցին նկարչի մասնագիտությունը: Լավինիային, որին հայրը անվանել է Տիցիանի դստեր պատվին, գրավել է դիմանկարը, և ինչպես ինքն էր բնորոշել. «Եթե նման չէ, նշանակում է` չեմ սիրել բնորդին»: Վազգենը իրերը որպես առարկաներ չէր դիտարկում, այլ կերպ էր տեսնում դրանք: Ներկայացված են շուրջ 100 կտավ պատկերասրահի մշտական ցուցադրությունից և ֆոնդերից, նաև ընտանիքի և մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 19-ը: