Մարաշի հանցավոր խմբի գործով 4 հոգի դատապարտվեց (տեսանյութ)
Մարաշում նոյեմբերի 21-ին հայտնաբերված զենքի վերաբերյալ առաջին գործով բոլոր 4 ամբաստանյալներն այսօր ազատազրկվեցին: Հակոբ Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Արթուր Վարդանյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հայթայթել և իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթում իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին: Հակոբ Հակոբյանն ու Անուշավան Ավետիսյանն այսօր դատապարտվեցին 3 տարի 6 ամիս ժամկետով: Իսկ Հարություն Հովհաննիսյանը եւ Ստեփան Չիլինգարյանը՝ 1 տարի 6 ամիս ժամկետով: Նրանք մեղադրվում էին համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթելու եւ իրացնելու համար՝ չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ: Առգրավված զենքը, պայթուցիկ նյութերը և ռազմամթերքը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշեց թողնել ԱԱԾ տնօրինմանը: Իսկ գործի քննությունը ամբաստանյալների միջնորդությամբ անցկացվել է արագացված կարգով, քանի որ բոլոր 4 ամբաստանյալներն ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքները: Ի դեպ, ամբաստանյալները չցանկացան տեսանկարահանվել: