ԵԱՏՄ-ն իբրեւ միասնական միավոր՝ չի զարգանում (տեսանյութ)
Ինչ օգուտներ եւ վնասներ է ունեցել Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո։ 3 տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ Հայաստանի հետագա զարգացման ուղղությունը Եվրոպականից դեպի Եվրասիականը փոխելու մասին։ «ԵԱՏՄ-ն, իբրեւ միասնական միավոր, չի զարգանում։ Անդամ երկրներից միայն Հայաստանն էր, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով տնտեսական աճ է արձանագրել։ Մնացած բոլորը, իսկ բոլորը մի քանի անգամ ավելի մեծ են իրենց կշռով, քան Հայաստանը՝ չեն աճում։ Բոլորը անկում են ունեցել»,-ասում է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն իր հերթին, փորձել է պատկերը ներկայացնել թվերով։ «Հայաստանի ՀՆԱ-ն 2014-ին 11,6 մլրդ դոլար էր, ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո այն սկսեց անկում ապրել եւ ըստ կանխատեսման՝ 2016 թ-ին այն կհասնի 10,7 մլրդ-ի»։ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն ընդգծում է՝ կորուստները շատ ավելի ծանր կլինեին, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին. « Անկախ ամեն ինչից, մենք ապահովել ենք տնտեսական աճ, այս ամսվա առաջին ամիսներին աննախադեպ էր արտահանման աճը»,-ասում է պատգամավորը։ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ որպես տնտեսական միավոր, ԵԱՏՄ-ն ոչ մի նոր լուծում չի տվել Հայաստանին։ Խնդիրները, որ եղել են 3 տարի առաջ՝ հիմա էլ առկա են։ Սա վերաբերում է նախեւառաջ ճանապարհների խնդրին.«Ովքեր ապրանք են տանում -բերում, պետք է հերոսի կոչում տալ , դա դժողքի ճանապարհ է»։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ –ն փորձել է նաեւ ամփոփել, թե ինչ է տվել ԵԱՏՄ-ն Հայաստանին՝ անվտանգության տեսանկյունից։«Երեք տարում Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է 100-ավոր տանկեր, զրահամեքենաներ, մարտական ուղղաթիռներ, հրետանային համակարգեր, հակաօդային եւ հակատանկային հրթիռներ»։ Արտակ Դավթյանն ասում է՝ մի պահ պատկերացրեք, որ մենք չենք անդամակցում, արդյո՞ք էդ զենքի մատակարարումը չէր լինի. Եւ արդյո՞ք զենքի մատակարարումը կլիներ այդ չափով եւ ծավալով եւ արդյո՞ք Ռուսաստանը կսանձեր Ադրբեջանին ագրեսիայից մի քանի օր հետո։ Ըստ Բագրատ Ասատրյանի՝ կառույցը ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ սոցիալական հիմք չունի։ նախագիծը Պուտինինն է եւ այդ անձի քաղաքական դաշտից հեռանալուց հետո կառույցն էլ դուրս կգա օրակարգից։