Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

20-ից ավելի քննություն՝ բաղձալի դիպլոմի համար (տեսանյութ)

Հասարակություն
diplom-nkar

Դատավորի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ գիտելիքներ ստանալուց հետո Արդարադատության ակադեմիան ավարտեց 9 ունկնդիր՝ քաղաքացաիրավական և վարչաիրավական  մասնագիտացումներով։ Այսօր դիպլոմների հանձնման արարողությունն էր։ Շրջանավարտներից ապագա դատավոր Ռուստամ Մախմուդյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշում է, թե ինքը ինչով կտարբերվի մյուս դատավորներից։ «Մեկ կարևոր սկզբունք եմ դնում իմ առջև՝ արդարադատության իրականացման մեջ նորովի հանդես գալ, կատարել այն վերափոխումները, որոնք նախկինում չեն եղել, կատարելագործել գոյություն ունեցածը, որը կարող է լինել ի նպաստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների»։ Իսկ ի՞նչ թերություններ է տեսնում ապագա դատավորը Հայաստանի դատական համակարգում. «Դատական համակարգում չէ միայն, որ թերություններ կան, եթե կա հասարակություն, ապա կան թերություններ։ Կցանկանամ, որ հատկապես դատական համակարգում թերությունները լինեն հնարավորինս քիչ»։ Շուրջ մեկ ամիս է՝ Արդարադատության ակադեմիան նոր ռեկտոր ունի։ Արցախի օմբուդսմեն նշանակված Ռուբեն Մելիքյանին փոխարինել է իրավաբան Սերգեյ Առաքելյանը։ «Դուք նոր ժամանակի և նոր սերնդի դատավորներ եք դառնում, իսկ դա նշանակում է, որ ձեր պատասխանատվության և պրոֆեսիոնալ արդյունավետության նկատմամբ պահանջները չափազանց մեծ են։ Վստահ եմ՝ ուժ ու եռանդ չեք խնայի՝ ձեր առջև դրված խնդիրները լավագույնս լուծելու համար»,- հավելեց պարոն Առաքելյանը։ Ի դեպ, բաղձալի դիպլոմն ստանալու համար ապագա դատավորները 10 ամսում հանձնել են ավելի քան 20 քննություն։