Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գանձակեցի ամուսինները սոված կմնան, եթե երեխաները գումար չուղարկեն (տեսանյութ)

Հասարակություն
kin

Գանձակ գյուղի բնակիչ 68-ամյա Անիկ Հախոյանը ապրիլ ամսին է ամուսնու հետ Ռուսաստանից վերադարձել հայրենի գյուղ։ Սակայն՝ ժամանակավոր։ Պարբերաբար ամուսինները գնում են ՌԴ՝ երեխաներին այցելության։ 16 տարի է՝ տիկին Անիկի երեխաներն այնտեղ են ապրում։ Յոթ հոգուց բաղկացած ընտանիքից միայն երկուսն են պարբերաբար լինում հայրենիքում։ «Դե իրենք այնտեղ աշխատում, ապրում են։ Մենք կարոտում ենք, բայց ամուսինս այնտեղ չի սիրում, գալիս-գնում ենք»։ Ինչպե՞ս է հիմա Ռուսաստանում վիճակը, տիկին Անիկը միանգամից նշում է. «Դե այնտեղ աշխատանք կա, աշխատում են մարդիկ, ապրում են։ Այստեղ չկար։ Եթե լիներ, իմ տղաներն ինչո՞ւ էին գնում։ Տուն ունենք, հարազատ ունենք, չէինք թողնի, գնա։ Դե էլի կարոտը խեղդում է, չենք կարողանում, ետ ենք գալիս։ Միգուցե վերջում իրենք ետ գան, չգիտեմ»։ Հարցին՝ թոշակը բավականացնո՞ւմ է, Գանձակի բնակիչը ժպտում է. «Ոչ, 38.000 դրամն ի՞նչ փող է։ Երեխեքս են ուղարկում, աշխատում, ուղարկում են։ Մի քանի ամիս մնում ենք այստեղ։ Այդ ի՞նչ թոշակ է, շատ քիչ է»։ Եթե չլինի դրսից գումարն, ի՞նչ պետք է անեն. «Պետք է սոված մնանք։ Ի՞նչ պետք է անենք»։ Իսկ ի՞նչ պետք է անի պետությունը, որ վիճակը շտկվի, Անիկ Հախոյանն ասաց. «Պետք է ժողովրդին օգնի։ Մի քիչ կարգավորվի։ Գործարան բացեն. ժողովուրդը, բոլորը պարապ են տանը»։ Սեպտեմբերին տիկին Անիկն՝ ամուսնու հետ, նորից գնալու է Ռուսաստան՝ երեխաներից կարոտն առնելու։ Դիտեք նաև տեսանյութը