«2 բաժակ խմում ես, մտքովդ արքայություն է անցնում». Ադիբեկյանի վերլուծությունը (տեսանյութ)
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսելով 2017թ-ի խորհրդարանական ընտրություններում նորաստեղծ և հին կուսակցությունների ԱԺ անցնելու հնարավորությունների մասին՝ նշեց, որ այն կուսակցությունները, որոնք քաղաքական դաշտում փոխել են իրենց դիրքը, օրինակ ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն՝ կունենան պրոբլեմներ, քանզի մեկը դառնալով ընդդիմություն, իսկ մյուսը՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելով՝ կորցրել են իրենց ընտրազանգվածը: Իսկ ԲՀԿ-ն, որը նախկինում մեծ ուժ ունեցող կուսակցություն էր, այժմ տրոհվել է մի քանի խմբավորումների և ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ այժմ պարզ չէ, թե դրանցից որը ձայներն իր կողմ կքաշի: Այն կուսակցությունները, որոնք ՏԻՄ-ում ունեն բավականին մեծ ներկայություն, այդ կուսակցությունների շանսերը ըստ նրա՝ մեծ են: «Չի կարելի խոհանոցում նստած կուսակցություն ստեղծել, երբ որ երկու բաժակ խմում ես ու մտքովդ արքայություն է անցնում: Դա այնպիսի մեծ ճանապարհ է, որն ունի մի քանի կարևոր նախադրյալ՝ խարիզմատիկ դեմք, որի շուրջ պետք է համախմբվի ժողովուրդը, թիմ, որում պետք է ներկայացված լինեն բավականին լուրջ դեմքեր, ինչպես նաև ֆինանսներ, կազմակերպչական ռեսուրս և գաղափարախոսություն, որը բրենդի նման պետք է տարբերվի եղած գաղափարախոսություններից: Պոպուլիստական լոզունգներով չի կարելի գալ իշխանության»,-համոզված է սոցիոլոգը: Վերջինս այդպիսին է համարում օրինակ Նիկոլ Փաշինյանին, որի ելույթները ըստ նրա՝ լուրջ չեն: «Իսկ լուրջ խաղացողները, օրինակ Վարդան Օսկանյանն ու Արթուր Բաղդասարյանը ասում են, որ իրենք ուզում են մասնակցել որոշումների կայացմանը: Սա մի քիչ համեստ հայտ է, բայց բավականին ռեալ : Ով ասում է, որ ինքը գալիս է իշխանությունը փոխելու, ուրեմն հավատացեք, որ դա կամ քաղաքական բլեֆ է կամ մանկամտություն»,-նկատեց Ահարոն Ադիբեկյանը: ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը համաձայն չէր այն տեսակետի հետ, որ Նիկոլ Փաշինյանի ելույթները պոպուլիստական են, հակառակը՝ նա կարծում է, որ Փաշինյանի կողմից առաջ քաշված հարցադրումները քաղաքացիների համար ճիշտ են: Պարոն Խաչատրյանի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանը բավականին խարիզմատիկ դեմք է, սակայն ինչ վերաբերում է խորհրդարան անցնելու նրա շանսերին, ապա դրանք ցածր են, քանզի չկա քաղաքական թիմ և ֆինանսներ: «Լուրջ խոսել ընտրությունների, ընտրական համակարգի կամ կուսակցությունների մասին, դա նշանակում է աչքերը փակել իրականության վրա: Ես անձամբ լուրջ չեմ վերաբերվում, թե ընտրություններում ով ինչքան ձայն կհավաքի: Ում ինչքան թույլ տան, այնքան էլ կհավաքի: Իրականությունը դա է, որ հասարակությունը որևէ բան չի որոշելու, դա արդեն որոշված է, որը որոշակի շեղումներով իրականություն է դառնալու»,-շեշտեց Վիգեն Խաչատրյանն ու ավելացրեց. «Մենք բավականաչափ զարգացած տնտեսություն, անհրաժեշտ ծավալի ձևավորված միջին խավ ու քաղաքացիական դիրքորոշում ունեցող քաղաքացիական հասարակություն չունենք, որ իր պատվերը տա: Մենք անընդհատ խոսում ենք, թե ընտրություններում ով կհաղթի, բայց ընտրություններում ոչ թե հաղթում են, այլ ընտրություններում ընդգծվում է որն է հասարակական շահը, թե որն է հասարակական պատվերը: Մենք սա թողած՝ խոսում ենք գլադիատորական կռիվների մասին, թե գլատիատորներից ով կմեռնի, իսկ ով ողջ կմնա»: