Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրո-2016. Տարբեր կարծիքների առաջնություն (տեսանյութ)

Հասարակություն
a1evro-2016

78-ամյա ֆուտբոլասեր Ռազմիկ Հակոբյանը գոհ չէ օրերս Ֆրանսիայում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղամակարդակից. «Նախկին 16 թիմերի փոխարեն այժմ խաղում են 24 թիմեր, ինչի պատճառով թուլացել է մրցակցությունը»: Իսկ ահա սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը բավական տպավորված է Եվրո-2016-ի խաղերից. «Շատ լարված առաջնություն էր»: Ըստ ֆուտբոլի մասնագետ Սուրեն Բարսեղյանի (Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ) Եվրոպայի առաջնությունը նոր խոսք չասեց ֆուտբոլում. «Ես միշտ կրկնել եմ, որ թիմերի մակարդակները գնալով հավասարվում եւ չեմ զարմանա, օրինակ, եթե անգամ աշխարհի առաջնությունում հաղթանակ տանի աֆրիկյան որեւէ երկրի հավաքականը»: Սակայն Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը Եվրո-2016-ում փորձառու մասնագետը պատահական չի համարում: Իսկ ահա հայտնի սպորտային մեկնաբանը դա բացատրում է պորտուգալացիների մրցակցի անպատրաստվածությամբ: Ռազմիկ Հակոբյանը բոլորովին այլ կարծիք ունի այդ հարցում, չնայած շատ է երկրպագում Պորտուգալիայի հավաքականին եւ Քրիշտիանու Ռոնալդուին. «Միջակ մակարդակի թիմերը հաջողության հասնում են, երբ մեծ է պայքարելու ցանկությունը, երբ ֆուտբոլիստներն անտրտունջ կատարում են մարզչի բոլոր առաջադրանքները»: Սակայն Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը նախեւառաջ մեծ բիզնես է: Մասնավորապես, Եվրո-2016-ի խաղերը դիտել են 2 միլիոն 427 հազար ֆուտբոլասեր, Պորտուգալիայի հավաքականը վաստակել է 25 մլն 500 հազար եվրո, իսկ ՈւԵՖԱ-ն ընդհանուր առմամբ ստացել է 830 մլն եվրո շահույթ: Զարմանալի չէ, որ եզրափակիչ խաղի ավարտից հետո մրցաշարի կազմակերպիչները հատուկ շնորհակալություն են հայտնել ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիին, որը այժմ հեռացված է ֆուտբոլից: Հենց նա է 50 տոկոսով ավելացրել Եվրո-2016-ի մասնակիցների քանակը, դրանով՝ մեծացրել շահույթ ստանալու հնարավորությունները: Համենայնդեպս, Եվրո-2016-ը իր առանձնահատուկ տեղը կգտնի ֆուտբոլի պատմագրքում եւ ֆուտբոլասերների հիշողության մեջ կմնա մինչեւ հաջորդ առաջնության մեկնարկը, որը կկայանա 2020 թվականին, Եվրոպայի 13 տարբեր երկրներում: