«Ամեն ինչ անում ենք, որ մարդիկ չգնան արտասահմանում բուժվելու» (տեսանյութ)
Այս տարի Երևանի պետական բժշկական համալսարանի շուրջ 700 ուսանող ավարտեցին ԲՈՒՀ-ը, որոնցից 39-ը՝ կարմիր դիպլոմով: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի ունեցավ նրանց դիպլոմների հանձնման ու Հիպորակտի երդման հանդիսավոր արարողությունը:
«Բժշկությունը մեծ հումանիզմի դրսևորում է և առավել մեծ սեր է պետք ունենալ այդ մասնագիտության հանդեպ՝ 7 տարվա ուսումնառությանը դիմակայելու համար: Իհարկե հեշտ չէր, իհարկե շատ ջանք ու եռանդ խլեց այն մեզանից, բայց փոխարենը տվեց մասնագիտություն, որը ոչնչով չես կարող փոխարինել: Այս համալսարանում անցկացրած ոչ մի րոպեի համար չեմ փոշմանում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց կարմիր դիմպլոմակիր, ապագա մանկաբույժ Անահիտ Գրիգորյանն ու հավելեց.
«Կարող եմ վստահ ասել, որ մեր համալսարանն ինձ տվել է գիտելիքների այն ողջ պաշարը, որն ինձ անհրաժեշտ է այսօրվա աշխատաշուկայում իմ տեղը գտնելու համար ոչ միայն Հայաստանում, այլև ինչու ոչ նաև արտասահմանում»:
ԵՊԲՀ-ի օտար լեզուների ամբիոնի վարիչ, շրջանավարտներից մեկի հայրը՝ Վարդգես Բալաբանյանն էլ մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ այսօրվա շրջանավարտները կկարողանան ապագայում դառնալ լավ մասնագետներ ու այնպես անել, որ ունենանք առողջ հասարակություն:
Բշժշկական համալսարանն այսօր աչքի է ընկնում իր թանկ վարձավճարներով: Հայաստանյան ներկա պայմաններում, որպես ծնող արդյո՞ք դժվար չէ, այդքան տարի վարձ վճարել ուսման համար,-հետաքրքրվեցինք Վարդգես Բալաբանյանից:
« Իհարկե, շատ դժվար է: Բայց հիմա ամեն տեղ էլ կրթությունը վճարովի է ու պետք է դրա հետ համակերպվել: Ովքեր ուզում են, որ իրենց երեխաները լավ կրթություն ստանան, դառնան լավ բժիշկներ, ապա պարզ է, որ բժիշկի մասնագիտության համար պետք է շատ գումար ներդնես»,-պատասխանեց նա՝ միևնույն ժամանակ իր ուրախությունն ու հպարտությունը հայտնելով իր որդու ավարտելու կապակցությամբ:
«Ճիշտ ընտրեք մասնագիտությունը և ամբողջությամբ նվիրվեք դրան»: Այսպիսին էր ԵՊԲՀ-ի ռեկտոր Միքայել Նարիմանյանի՝ իր շրջանավարտներին ուղղված շնորհավորական ուղերձը:
Վերջինս նշեց, որ ԲՈՒՀ-ն այսօր թափուր տեղեր չունի, հակառակը՝ հետզհետե մեծանում է պահանջարկը դեպի բժշկագիտությունը: Մինչդեռ ռեկտորի հետ զրույցում նշեցինք, որ մանկաբուժության գծով այսօր մասնագետների պակաս է նկատվում: Պարոն Նարիմանյանն այս կապակցությամբ շեշտեց.
«Մանկաբուժության ֆակուլտետը փակվել է տասնյակ տարիներ առաջ: Մանկաբուժության ուղղությամբ մենք ունենք կլինիկական օրդինատուրա, բայց քանի որ մանկաբուժության ֆակուլտետը փակվել էր՝ առաջացել էր մասնագետների դեֆիցիտ, բայց հիմա մեր շրջանավարտների մեջ մեծ հետաքրքրություն կա մանկաբուժության նկատմամբ, հատկապես՝ նեղ մասնագիտացումներով և կարծում եմ, որ այդ դեֆիցիտը շատ շուտ կլրացվի»:
Այդուհանդերձ, կան մասնագիտություններ, որոնք ըստ Միքայել Նարիմանյանի՝ առաջացնում են որոշակի մտահոգություններ՝ սերնդափոխության տեսանկյունից, օրինակ՝ հոգեբուժությունը, պատանատոմիան, տուբերկուլյոզը և այլն:Նրա խոսքերով՝ այստեղ դիմորդների հոսքը մեծ չէ: Այս ուղղությամբ ռեկտորի հավաստմամբ՝ շատ մեծ դեր ունեն կատարելու տվյալ ամբիոնները: Հակառակ դրան՝ մեծ հոսք կա դեպի բուժական գործ և ստոմատոլագիա մասնագիտություններով:
Ռեկտորը վստահ է, որ այսօրվա ուսանողների շրջանում էլ կա այնպիսի սերունդ, որը ոչնչով չի զիջում նախորդ սերունդներին: Հիվանդների կյանքը նրանց վստահելու հարցում, պարոն Նարիմանյանը կասկած չունի:
«Մարդիկ երբեմն ձգտում են գնալ արտասահմանում բուժում ստանալ: Մենք ամեն ինչ անում ենք, որ դա հիմնականում լինի մեզ մոտ, որովհետև այն մեթոդաբանությունը, այն մեթոդները վիրահատական կամ թերապևտիկ, որոնք ընդունված են աշխարհում և գործում են, մենք ամեն կերպ ներդնում ենք մեր համալսարանում»,-ասաց նա:
Մինչդեռ, քիչ չեն դեպքերը, երբ բժիշկները սխալ են ախտորոշում հիվանդներին կամ նույն բժիշկների թերացման պատճառով գրանցվում են մահացության դեպքեր, ինչն էլ իր հերթին հանգեցնում է հայաստանյան բժիշկների նկատմամբ անվստահության մթնոլորտի ձևավորմանը: Մեր այս դիտարկամնը Միքայել Նարիմանյանն արձագանքեց այսպես.
«Իհարկե կա նման բան, գոյություն ունի բժշկական սխալ, որը կարող է ավարտվել ողբերգական հետևանքով՝ մահ կամ առողջության կորուստ, բայց կա նաև մի կարևորագույն երևույթ, որի նկատմամբ մենք շատ ուշադիր ենք և որը կոչվում է բժշկական ծառայության մատուցման դեֆեկտ: Դա այնքան ադեկվատ չի, բայց երբեմն արմատավորված է: Այդ ուղղությամբ մենք լուրջ աշխատանքներ ենք տանում, որպեսզի արմատախիլ անենք դա»:
Իսկ արդյունքը ե՞րբ տեսանելի կլինի,-հացրեցինք նրան.
«Կարծում եմ, որ յուրաքանչյուր լուրջ գործ պահանջում է 5 տարվա քրտնաջան աշխատանք և 10 տարվա հսկողություն, թե ինչ եղավ արդյունքում: Բժիշկի համար շատ կարևոր է պացիենտի վստահությունը, իսկ այդ վստահությունը մենք ունենք և կփոխանցենք նաև մեր ուսանողներին»-եզրափակեց նա: