Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կուզեի՝ մեկը փոխարիներ ինձ «Ոսկե ծիրան»-ում, ես ֆիլմեր նկարահանեի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
mer

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման արարողությունից ժամեր առաջ հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն «Ա1+»-ին տված հարցազրույցում նշեց. «Մենք սկսեցինք փառատոնը շատ վատ տարիներին, երբ հայկական կինոն թվում էր, թե ամբողջովին կործանվել է։ Վաճառվեցին բոլոր կինոթատրոնները, վաճառվեց կինոստուդիան, մասնագետները մեկնեցին Մոսկվա կամ այլ ռուսաստանյան քաղաքներ։ Երևանում ֆիլմ չէին ցուցադրում տասնյակ տարիներ»։ Նա շեշտեց, որ սերունդ կա, որը մեծացավ առանց էկրանին ֆիլմ դիտելու։ «Մեր փառատոնը պետք է լիներ 2-3 միլիոն դոլարանոց։ Բայց սա միջին փառատոնների բյուջեն է»,-ասաց նա։ Պարոն Խաչատրյանը կարծում է նաև, որ մեծ կինոարտադրության համար բարձրագույն կուրսեր է պետք բացել։ Հարցին՝ արդյո՞ք իր ամենամեծ երազանքն էր կինոփառատոնը ստեղծելը, նա նշեց. «Չէի ասի, որ իմ երազանքն էր «Ոսկե ծիրան» փառատոնը հիմնելը։ Իմ երազանքն էր կինո նկարահանելը։ Եվ հիմա 100 անգամ ավելի սիրով կնկարահանեի ֆիլմ, քան այսքան կվազեի։ Արվեստագետը, երբ սկսում է կազմակերպչական հարցերով զբաղվել, բոլորը նրան սկսում են վերաբերել որպես կազմակերպչի։ Նույնիսկ իմ ֆիլմերը չեն գալիս նայելու, կարծելով, թե ես Հարություն Խաչատրյանն եմ, ով «Ոսկե ծիրան»-ի տնօրենն է։ Չգիտեն, որ ռեժիսոր եմ, ամբողջ աշխարհում հետաքրքրված են իմ ֆիլմերով։ Ես կուզեի՝ մեկը փոխարիներ «Ոսկե ծիրան»-ում ինձ, ես հանգիստ իմ նախագծերը ստեղծեի, ֆիլմեր նկարահանեի»։