«Յանդեքս» տաքսին դեմպի՞նգ է անում
Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային լայն քննարկում տաքսի ծառայության ոլորտի վերաբերյալ: Քննարկման առանցքում եղել է տաքսի ծառայության ոլորտում հավասար մրցակցային պայմանների ապահովման հարցը: Քննարկվել է նաև ռուսական «Յանդեքս» ընկերության մուտքը հայկական շուկա և ընկերության կողմից սահմանված աննախադեպ ցածր գները` հնարավոր դեմպինգային քաղաքականության իրականացման տեսանկյունից: Առանձնացվել է հարցերի երկու շրջանակ. առաջինը տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների` անհավասար օրենսդրական դաշտում գործելու խնդիրն է, ըստ որի նույն ծառայությունն իրականացնող ընկերությունների կամ անհատական գործունեություն իրականացնող տաքսու վարորդների մի մասն է միայն գործում օրենքով սահմանված կարգով, վճարում հարկեր և այլն, մյուս մասը նույն գործունեությունն իրականացնում է ապօրինի` խախտելով դաշտում հավասար մրցակցության պայմանները: Տաքսի ընկերությունների ղեկավարները ևս մեկ անգամ բարձրաձայնել են արդեն տարիներ շարունակ բարձրացվող այս խնդրի մասին` ակնկալելով, որ ի վերջո պետական կառույցները խնդրին վերջնական լուծում կտան: Վերջիններս խնդրահարույց են համարել նաև «gg» ընկերության գործունեությունը` նշելով, որ ընկերությունն, ըստ էության, իրականացնում է նույն դիսպետչերական ծառայությունը, սակայն գործում է` իբրև բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող ընկերություն` զերծ մնալով տաքսի ծառայության կազմակերպման համար սահմանված կարգով պետական վճարումներ կատարելուց և դրանով իսկ ոլորտում շահեկան դիրքեր զբաղեցնում: «gg» ընկերության ղեկավարն իր հերթին պարզաբանել է իրենց գործունեության յուրահատկությունը` նշելով, որ իրենց քաղաքականությունը միտված է ոլորտը զարգացնելուն` առանց վնասելու մյուս ընկերությունների շահերը: Ինչ վերաբերում է իրենց ընկերության հաջողություններին, ապա ընկերության ղեկավարը դա պայմանավորել է նորագույն տեխնոլոգիաների կիրառման, նոր չափորոշիչների սահմանման և որակյալ ծառայությունների մատուցման փաստով: Այնուամենայնիվ, նա առաջարկել է միասին քննարկել տաքսի ընկերություներին հուզող հարցերն ու հանդես գալ միասնական առաջարկներով: Այն, որ ոլորտում անհավասար մրցակցություն կա, ընդունել են նաև պետական պաշտոնյաները` այդ թվում նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամը, ինչին ի պատասխան տաքսի ծառայության ընկերությունների ներկայացուցիչները կրկին պահանջել են հարցն անհապաղ կարգավորվել: ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարը ևս ընդունել է, որ անհավասար մրցակցային պայմանների խնդիր կա, որը նախևառաջ դրսևորվում է 10 հազար լիցենզավորված 20-30 հազար չլիցենզավորված տաքսիների առկայությամբ: Միաժամանակ նա հավելել է, որ կառավարությունը գնացել է առավելագույնս պարզեցված ձևով գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու ճանապարհով` փորձելով լուծել սոցիալական խնդիր: Սակայն, դա իր հերթին նվազեցրել է ոլորտում անվտանգության ապահովման և վերահսկողության իրականացման հնարավորությունները: Այդուհանդերձ փոխնախարարը կոչ է արել տաքսի ծառայություն իրականացնող ընկերությունների ղեկավարներին լինել միասնական, իրենց պահանջները հստակեցնել և ներկայացնել կոնկրետ առաջարկներ` պատրաստակամություն հայտնելով դրանք քննարկել ու լուծումներ գտնել: Հարցերի մյուս շրջանակը կապված է եղել ռուսական «Յանդեքս» ընկերության` հայաստանյան շուկա մուտք գործելու հետ: Ներկաները փաստել են, որ ընկերության կողմից 2 կմ-ի համար սահմանված 100 դրամ գինը խիստ կասկածելի է, և դրանում առկա է դեմպինգ իրականացնելու քաղաքականություն: Տաքսի ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են փաստեր, որոնք հաստատում են, որ նշված գինը ինքնարժեքից ցածր է` հավելելով, որ ռուսական ընկերությունը «400 դրամ» տարբերությունը վարորդներին վճարում է իր ֆինանսական ռեսուրսների հաշվին: Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան էլ իր հերթին է կարծիք հայտնել, որ կա դեմպինգի հավանականություն` ելնելով օրենսդրությունից բխող որոշ դրույթներից: Վազգեն Մանուկյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանից հետաքրքրվել է, թե արդյոք հանձնաժողովը քննարկե՞լ է հնարավոր դեմպինգի հարցը: Վերջինս պատասխանել է, որ քանի դեռ ընկերությունը շուկայի մեկ երրորդից ավելին չի գրավել, ապա դա դեմպինգ համարվել չի կարող` հավելելով, որ ընկերության կողմից սահմանված ցածր գինը մարքեթինգային քայլ է, և որ պետք է նոր ընկերությանը շուկա մուտք գործելու հնարավորություն տալ: Վազգեն Մանուկյանը հակադարձել է` նշելով, որ հանձնաժողովը պետք է պաշտպանի իր պետության շահերը` թույլ չտալով, որ օտարերկրյա խոշոր ընկերությունները, օգտագործելով իրենց ֆինանսական հզոր ռեսուրսները, շուկայից դուրս մղեն տեղական ընկերություններին: Նա անհրաժեշտ է համարել ուսումնասիրել «Յանդեքս» ընկերության կողմից սահմանված գինն ու համապատասխան քայլեր ձեռնարկել դեմպինգային քաղաքականությունը կանխելու ուղղությամբ: Քննարկմանը ներկա չի եղել միայն «Յանդեքսի» ներկայացուցիչը, քանի որ որևէ կերպ հնարավոր չի եղել կապ հաստատել ընկերության ղեկավարության հետ:
Ամփոփելով քննարկումը` Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ բարձրացված բոլոր հարցերը կամփոփվեն համապատասխան փաստաթղթում և կներկայացվեն ՀՀ վարչապետին:
Հանրային խորհուրդ