Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ խախտման դեպքում վարորդը տուգանք չի վճարի (տեսանյութ)

Հասարակություն
tuganqner-nkar

Հունվարի 11-ից ՃՈ կողմից ուժի մեջ է մտել նվազ նշանակության իրավախախտումների դրույթը։ «Որոշ վարորդներ օգտվում են այս հանգամանքից, որ իրենց նկատմամբ որոշ խախտումների դեպքում տուգանք չի կիրառվում»,- այսօր նշեց Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը։ Ասում է՝ եթե թաղանթապատման դեպքում վարորդը տեղում վերացնում է թերությունը, արձանագրություն չի կազմվում։ «Հիմա եթե թույլատրելիից շատ թաղանթապատված մեքենաներ կան, դրանք բացառիկ են։ Դա այն պատճառով կարող է լինել, որ ոստիկանների ուշադրության կենտրոնում չեն հայտնվել»,- շեշտեց պարոն Չիլինգարյանը։ Ըստ նրա՝ որոշ վարորդների անգամ տուգանքը չի զսպում. «Նույն տրանսպորտային միջոցի նկատմամբ 10 արձանագրություն է կիրառվել, նա 11-րդ անգամ էլ դարձյալ նույն խախտումը կատարել է։ Դա վերաբերում է հենց թաղանթապատմանը։ Մինչդեռ մենք եթե օրինակ 1.500.000 խախտում է կատարվում, արձանագրություն ենք կազմում միայն 500.000-ի դեպքում»։ Ոստիկանության պաշտոնյան վստահեցրեց, թե տաքսու վարորդներից էլ գրեթե բողոքներ չեն ստանում՝ ուղևորին իջեցնելու դեպքում կանգառներում մի քանի րոպե կանգնելու համար տուգանքի կիրառման առումով։ Սակայն, մյուս կողմից պարոն Չիլինգարյանը շեշտեց. «Չենք պատրաստվում տուգանքից ազատել վարորդին, եթե որևէ մեկի կյանքին սպառնացող վտանգ կա»։ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշեց. «Վարորդն ինչպե՞ս պետք է իմանա՝ որն է նվազ նշանակությանը, որն է տուգանքի ենթակա։ Ոստիկանության կողմից չկար նախապատրաստական աշխատանք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ նվազ նշանակության իրավախախտումների դրույթը»։ Ոստիկանության ներկայացուցիչը համամիտ չէ. «Մեր կողմից մեծ աշխատանք է կատարվել։ Չէինք գնալու վարորդներին հերթով բացատրելու, որ այդ դրույթն է ավելացվել։ Հաղորդումների, համացանցի միջոցով հնարավորինս իրազեկել ենք»։ Արման Չիլինգարյանը նշեց նաև, որ ոստիկանության կայքում շուտով կլինի նաև բաժին, որտեղ մուտք գործելով՝ վարորդները կտեսնեն ամեն մի նվազ նշանակության իրավախախտման դեպք։