Արթիկի քաղաքապետը չի հավատում բնակիչների կորուստներին (տեսանյութ)
Արթիկի հեղեղից անցել է արդեն տասն օր, սակայն գումարային իմաստով վերջնական գնահատական տալը դեռ վաղ է, քանի որ աշխատանքները դեռ շարունակվում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը։ Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել հեղեղատարերի մաքրման համար, ինչպես նաեւ աջակցություն՝ տուժած բնակարանների բնակիչներին: «Խոսքը 12 բնակարանի բնակիչների մասին է, ովքեր ունեն վնասված բնակմակերես, վնասված ցանքատարածքներ կամ կենդանիների կորուստներ»,- ասաց նա։ Բնակիչներից շատերը բողոքում են հատկացված գումարի չափից։ Քաղաքապետը չի կիսում նրանց տեսակետը.«Ես կարծում եմ, որ այդ գումարը բավարար է, որպեսզի նորոգվեն բնակարանները, այլ բան է, որ բնակիչները սպասում էին, որ իրենց նոր բնակարան պետք է հատկացվի»: Դիտարկմանը, թե խոսքը միայն տան պատերի, կահույքի մասին չէ, այլ նկուղներում ամբարված ապրուստի միջոցները կորցնելու, Արսեն Աբրահամյանը արձագանքեց. «Դժվար է հատավալ, որ որեւէ մեկն իր պահեստում 5 կամ 10 կիլոգրամ շաքարավազ կամ ալյուր է պահում: Գաղտնիք չէ, որ տան շեմից ներս մտնելով՝ կարող ես պատկերացում կազմել, թե տվյալ մարդն ինչպես է ապրում: Գույքի մասով եղել են ֆանտաստիկ հայտարարություններ, օրինակ, որ տրցակով ոսկեղեն են կորցրել»։ Նա հավելեց, որ ձմռան նախաշեմին Արթիկում որեւէ ընտանիք առանց շաքարավազ, առանց կահույքի չի մնա: Ինչ վերաբերվում է հեղեղի պատճառներին, ապա քաղաքապետը փաստեր ունի, որ պատճառը Արթիկի քաղաքային հատվածից դուրս գտնվող ձորակում կուտակված թափոններն են: «Տարիների ընթացքում՝ մոտ 60 տարի, ձորակ են թափվել հարակից քարհանքի թափոնները, իսկ աննախադեպ տեղումների քանակը լանջերից լվացել եւ բերել է այդ թափոնները քաղաք: Սելավատարը չկարողացավ այդ քանակը տանել: Ամեն տարի սելավատարերը մաքրվել են»,-նշեց պարոն Աբրահամյանը՝ դժվարանալով, սակայն, ասել, թե թափոնների համար ով է պատասխանատու, քանի որ դա տարիների վաղեմություն ունի եւ հնարավոր չէ գտնել մեղավորներին: Նրա խոսքով՝ 2013 թվականին իրենք տարածքի մաքրման համար դիմել են բնապահպանության նախարարությանը, ծրագիրը մշակվել է, սակայն գումարի սղության պատճառով այդպես էլ կյանքի չի կոչվել: «Թափոնների ծավալները տեսնել է պետք: Դրանք տեղահանելը ռեալ չէ, անիրականանալի նախագիծ է, այլ տարբերակներ է պետք մտածել»,-եզրափակեց նա: