Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՕ-ն առաջին ընթերցմամբ ընդունվեց. 6 հոգի դեմ էր (տեսանյութ)

Քաղաքականություն
rubik-zara

106 կողմ,  6 դեմ,  0 ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց 4+4+4 ձեւաչափով ձեռք բերված համաձայնությունը: Դեմ էին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Թեւան Պողոսյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց՝ քանի որ իրենց խմբակցության գործընկերները մասնակցել են 4+4+4 ձեւաչափով քննարկմանը, այսօր հարգելի պատճառով բացակայում են. «Ես եմ բարձրաձայնում, որ այս ֆորմատը նախաձեռնել է ՀԱԿ-ը՝ մյուս ուժերի հետ միասին, խնդիրները ձեւակերպել ու ներկայացրել է նույնպես մեր խմբակցությունը ու ստորագրել համատեղ հայտարարությունը: Մենք կողմ ենք այս փոփոխություններին, սակայն դա չի նշանակում, որ կողմ ենք ընդհանուր օրենսգրքին, հատկապես բաց համամասնական համակարգին, որի հետ կապված ենք..»: Նրա ժամանակը լրացավ: «Ժամանակ... Շատ վերամբարձ է հնչում, սակայն մենք էլ ենք շատ բան արել»,- նկատեց Գալուստ Սահակյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ սա համատեղ լուրջ ջանքերի ներդրմամբ աշխատանքի արդյունք է. «Այս համաձայնությունից հետո պետք է լուծենք այն իրականացնելու խնդիրը: Այն իրապես լուրջ լծակներ կտա ընտրակեղծիքների դեմն առնելու համար: Մենք կողմ ենք, քանի որ կան առաջարկություններ, որոնք մենք ենք նախաձեռնել»: «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանն իր խոսքում նշեց, որ սա նախադեպը չունեցող գործարքատիպ բան է, ու կա բարեհաճ վերաբերմունք բոլոր ուժերի  կողմից. «Սակայն եթե-ով պայմանավորված նախագծին ես չեմ կարող կողմ լինել»: Իսկ Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ երեք առաջարկ էր ներկայացրել ու ռեակցիա չեղավ ու չընդունվեց. «Նույնիսկ հարյուր տոկոսանոց ընտրության դեպքում այս օրենսգիրքը չի կարող տալ այն պատկերը, որ ցանկանում ենք ստանալ: Ես այս փոփոխությունները համարում եմ կոսմետիկ փոփոխություններ եւ դեմ եմ քվեարկելու»: «Ես կարծում եմ՝ չպիտի փոխեինք ԸՕ-ն. ոնց կար, այնպես էլ պետք է թողնեինք այսքանից հետո»,- փորձեց կատակել Գալուստ Սահակյանը: ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը, հանդես գալով որպես «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ, հայտարարեց, որ սրանք տեխնիկական փոփոխություններ են, սակայն կարեւոր են. «Մենք կողմ ենք քվեարկելու: Սա համաձայնություն էր կոնկրետ հարցերի վերաբերյալ: ԸՕ կարեւորագույն խնդիրը՝ բաց համամասնական խնդիրը, վերանայման խնդիր ունի»: