Գողթեցիներ. Գեղարդալճի ջուրը նույնիսկ մեզ չի բավականացնում
Գողթ համայնքի բնակիչները շարունակում են մնալ այն կարծիքին, որ պետք է չեղարկվի Գեղարդալճի ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով Կոտայքի մարզի համայնքներ տեղափոխելու ծրագիրը: «Առաջարկեցինք, որ խողովակաշարը բերեն, մեր լճի պատվարի վրա դնեն: Եթե ավելցուկային ջուր լինի, կտանեն այդ ջուրը, եթե չլինի, չեն տանի: Հիմա իրենք նորից գնացին քննարկելու այդ հարցը»,- ասաց համայնքի բնակիչ Վահրամ Սեդրակյանը: Ստեղծված աշխատանքային խումբն այսօր կրկին հանդիպել է համայնքի բնակիչների հետ. «Եթե նորից գան, տեղեկացնեն, որ հնարավոր չէ, ուրեմն ծրագիրը պետք է չեղարկվի, այլընտրանք չկա»: Ծրագրով նախատեսվում է Գեղարդալճի ջուրը ինքնահոս ոռոգման համակարգով տեղափոխել Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Ողջաբերդ, Գեղադիր, Ջրվեժ եւ Հացավան համայնքներ: Մինչդեռ գողթեցիները պնդում են, որ Գեղարդալճի ջուրը նույնիսկ իրենց չի բավականացնում: Ծրագրով նախատեսվում է նաեւ Գեղարդալիճ ուղղել Ազատ գետի վտակ հանդիսացող Գիլանլարի ջուրը՝ դրանով լրացնելով Գեղարդալճի ջրի բացթողումից առաջացած ջրի պակասը եւ գողթեցիներին պաշտպանել հնարավոր ռիսկից: Մինչդեռ գողթեցիները առաջարկում են միանգամից Գիլանլարի ջուրը ուղղել մյուս համայնքներ՝ իրենց ջրին չդիպչելով: