Նոր կուսակցություն է ստեղծվում (տեսանյութ)
«Հանուն օրենքի» հասարակական շարժումը ՀՀ քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե որ քաղաքական կուսակցություններն են վայելում ժողովրդի վստահությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը շարժման համակարգող խմբի անդամներ Արման Ղուկասյանը, Ծովինար Կոստանյանը եւ Հայկ Կարապետյանը ներկայացրեցին իրենց հետազոտության արդյունքները: Ծովինար Կոստանյանի խոսքով՝ հարցումն անցկացվել է ՀՀ բոլոր մարզերում՝ պատահական ընտրված 5000 հոգու շրջանում: Ըստ այդմ՝ հարցվածների 36 տոկոսն անկուսակցական է, իսկ 64-ը հարում է տարբեր կուսակցությունների: Չնայած այս թվին, հարցվածների 49 տոկոսը չի վստահում կուսակցություններից որեւէ մեկին եւ միայն 18 տոկոսն է վստահում ՀՀԿ-ին: Հետազոտության արդյունքներից դրդված՝ երիտասարդները որոշել են ստեղծել սեփական կուսակցությունը, որը կոչվում է «Հանուն սոցիալական արդարության»: Նրանց գլխավոր նպատակը հարուստների եւ աղքատների մեջ եղած տարբերությունը կրճատելն է, ինչպես նաեւ հայ արտադրողներին, տնտեսվարողներին օգնելը: