Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանավեճ. Համատեղ ՀՕՊ համակարգով ամրապնդո՞ւմ ենք մեր ինքնիշխանությունը, թե հանձնում (տեսանյութ)

Քաղաքականություն
media-kentron

Այսօր «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի  ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագիրը Հայաստանի ու Ռուսաստանի միջև» թեմայով: Հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու համաձայնագրի տեքստը գրված է բավականին լղոզված եւ տարընթերցումների տեղիք է տալիս: «Կառավարումը դա նույնը չէ, ինչ հրամանատարությունը: Հրամանատարությունը գտնվելու է Հյուսիսային Կովկասում՝ ռուսական կողմի ձեռքին: Այստեղ, իհարկե,  որեւէ խնդիր չէր լինի, եթե Հայաստանը չունենար այնպիսի թշնամի, ինչպիսին Ադրբեջանն է, որի հետ Ռուսաստանը գտնվում է բարեկամական հարաբերությունների մեջ: Կարող է առաջանալ շահերի բախում»,- այսօր «Մեդիա Կենտրոն»-ի կազմակերպած քննարկման ժամանակ նշեց  քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի Հայաստանի գործողությունների համար՝ ընդդեմ Ադրբեջանի օդուժի՝ ենթադրենք օդային հարձակման պայմաններում.  «Այստեղ արդեն քաղաքական եւ ռազմական խորը խնդիրներ են առաջ գալիս»: Ըստ Հայկ Մարտիրոսյանի՝ գոնե հայկական երկնքի մասով հրամանատարությունը պետք է լիներ Հայաստանում  եւ դա  լավ ժեստ կլինի: «Ընդհանուր առմամբ,  այո,  հրամանագիրը բխում է նաեւ Հայաստանի շահերից, բայց ասել, որ 100 տոկոսով Հայաստանի շահերից է բխում, չի կարելի»,- ամփոփեց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն  այդ համաձայնագիրը կապում է Ռումինիայում ստեղծած  ՀՕՊ  համակարգի հետ, շուտով նաեւ Լեհաստանում  է ստեղծվելու.  «Դա լուրջ սպառնալիք է, որովհետեւ փլվում է ամբողջ համակարգը, որ ստեղծել էին Գորբաչովը եւ Ռեյգանը: Հիմա տեղադրված է տեխնիկա, որ 3-ից  4 րոպեում հրթիռները կարող են հասնել Սոչի, որտեղ հաճախ լինում է Պուտինը»: Իսկ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ ավելացնում է, որ  Հայաստանում գտնվում են ՀՕՊ համակարգեր, որոնք մինչ պայմանագրի ուժի մեջ մտնելը, կառավարվում էին Ռուսաստանի կողմից:  «Հնարավորություն է ստեղծվում օգտագործել   Գյումրիի ռազմաբազայում տեղակայված S300-ները կամ օրինակ տեղեկատվություն ստանալ Կասպից ծովում կամ Ադրբեջանում ցանկացած տեղաշարժի մասին՝ կլինեն դա հրթիռներ, ավիացիոն ուժեր եւ այլն»,- նշեց քաղաքագետը: Հիշեցնենք, որ  երկուշաբթի օրը հունիսի 13-ին,  ԱԺ-ն քննարկելու է «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին»  հարցը: Առավել մանրամասն՝ տեսանյութում