Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ինքնուրույն չքայլող եւ չսնվող կալանավորին բաց չեն թողնում (տեսանյութ)

Հասարակություն
sus

Խարդախության  համար մեղադրվող  51- ամյա Աշոտ Սարգսյանը նույնիսկ  ի վիճակի չէ մասնակցել իր գործով դատական նիստերին, բայց նրա խափանման միջոցը այդպես էլ մնում է կալանքը։  «Շուրջօրյա թթվածնային թերապիա է ստանում, գամված է  անկողնուն: Զրկված է ինքնուրույն սնվելու, սանհանգույցից օգտվելու իրավունքից»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Արթուր Սարգսյանը: Առողջապահության նախարարության միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի  եզրակացության համաձայն եւս Աշոտ Սարգսյանը իր բուժումը պետք է ստանա նեղ մասնագիտացված բուժհաստատություններում, չի կարող մասնակցել դատական նիստերին,  ինչպես նաեւ ճանաչվել է  1-ին կարգի անժամկետ հաշմանդամ:   Կալանավորի մոտ հայտնաբերվել են այնպիսի հիվանդություններ, որոնք պատժի հետագա կրման հետ անհամատեղելի են: Այսօր Արարատի եւ Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննարկվեր Աշոտ Սարգսյանի խափանման միջոցը  փոխելու հարցը, սակայն դատավոր Լեւոն Արազյանի  վատառողջ լինելու պատճառաբանությամբ դատական նիստը  չկայացավ: «Նշված շինծու քրեական գործը քայլ- քայլ ստիպելով առաջ են տանում, բացառապես օգտագործելով բազմաթիվ ամպագոռգոռ անուններ, նաեւ այնպիսի անձանց անուններ, որոնք տեղյակ չեն»,- ավելացրեց փաստաբանը: Աշոտ  Սարգսյանը մեղադրվում է ԶՈՒ օպերատիվ կառավարման և իրավիճակների վերահսկման կենտրոնի տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար Պաշտպանության նախարարությունից   առանձնապես խոշոր չափերի գումար  հափշտակելու մեջ: «Զավեշտի եւ աբսուրդի է հասնում, գործում առկա չէ  որեւէ հանցակազմ. Մասնակցելով մրցույթի հաղթել է մրցույթը: Կնքվել է ակտ, ըստ որի կողմերը միմյանց նկատմամբ պահանջ չունեն: Այդպիսի վերաբերմունք է առկա նաեւ ՊՆ-ի կողմից նաեւ այսօր, համակարգը մինչ օրս անխափան աշխատում է եւ շահագործվում է»,-նշեց Արթուր Սարգսյանը: Պաշտպանը նաեւ  ավելացնում է՝ տուժողի կողմից քաղհայց չի ներկայացվել:    Մեկ տարի գործի նախաքննությունն ընթացել է առանց տուժողի եւ ավարտից  10 օր առաջ գործով ներգրավել է տուժող:  Ի դեպ, գործը հարուցվել է մրցույթը չշահած ընկերության բողոքի հիման վրա: Իսկ հարազատները պնդում են, որ  ամեն ինչ անելու են հաշմանդամության առաջին կարգ ունեցող Աշոտ Սարգսյանի խափանման միջոցը փոխելու համար: