Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս անգամ ցեղասպանության բանաձևը կընդունվի». գերմանացի պատգամավոր (տեսանյութ)

Քաղաքականություն
Germanaci-patgamavor-nkarrr

Գերմանիայի Ձախ կուսակցության երեք անդամներ Հայաստանում են։ Երկու հիմնական նպատակով են եկել՝ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ աշխատանքները և այցն Արցախ։ «Ցանկանում ենք գնալ Արցախ և տեղում մեր աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում»,-նշեց Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելփքեն։ Նա Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հեղինակներից ու առաջամարտիկներից է։ Կարևորում է, որպեսզի հունիսի 3-ին Բունդեսթագում քննարկման դրվելիք բանաձևում պարտադիր նշվի նաև Գերմանիայի պատասխանատվության հարցը։ «Ցանկանում ենք Գերմանիայի հասարակությանը հասցնել այն, որ ժամանակին Գերմանիայից զինվորներ ու գեներալներ են ուղարկվել Օսմանյան կայսրություն և Գերմանիան իր մասնակցությունն է ունեցել ցեղասպանության իրագործման մեջ»,-շեշտեց տիկին Յելփքեն։ Դառնալով Արցախում առկա լարված իրավիճակին և ապրիլյան քառօրյա պատերազմին Ադրբեջանի հետ՝ պատգամավորն ասաց. «Մենք մեծ անհանգստությամբ ենք հետևում խնդրին։ Եվ ցավալի էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն առաջիններից էր, որ հայտարարություն արեց և ոչ թե հանդարտության կոչ կողմերին, այլ Ադրբեջանին օգնելու պատրաստակամություն»։ Համբուրգ նահանգի խորհրդարանի պատգամավոր Մարդին Դոլցերն էլ նշեց, որ 4 օր է՝ ինչ Հայաստանում են։ «Տպավորված ենք մոտեցումից, ձեր մշակույթից»։ Նա շեշտեց, թե գերմանացիները քաջ գիտեն, թե ինչ է նշանակում ցեղասպանության հարցը, պատմական իրողությունները։ «Ցավոք, այսօր էլ մեր դաշնային կառավարությունը սերտ համագործակցության մեջ է Էրդողանի հետ։ Էրդողանի կառավարությունը հիմա ապակառուցողական քաղաքականություն է վարում, և ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ աջակցում է Ադրբեջանին, մասնակցում պատերազմին»։ Գերմանացի գործիչը շեշտեց, որ գիրք են հրատարակելու, որտեղ պատմվելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Իսկ Ալթոնայի քաղաքապետարանի խորհրդի անդամ Հասան Բուրգուջօղլուն երկրորդ անգամ է մեր երկրում։ «Մեզ համար շատ կարևոր է այդ բանաձևի ընդունումը։ Հուսով եմ, որ մի օր Թուրքիան էլ խելքի կգա և կճանաչի Հայոց ցեղասպանությունը»։ Որքանո՞վ է իրատեսական, որ այս անգամ Գերմանիայում գտնվող թուրք գործիչները չեն տապալի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը. «Ես համոզված եմ, որ այս անգամ բանաձևը կընդունվի։ Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ հիմա Գերմանիայում Անգելա Մերկելի քաղաքականությունից դժգոհ գործիչները շատ են։ Նրան մեղադրում են Էրդողանի հետ տարբեր գործարքների շուրջ համագործակցության մեջ»։