ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԸՆՏՐՎԵՑ ՄԱԿ-ի ՆՈՐԱՍՏԵՂԾ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր վաղ առավոտյան Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանության նորաստեղծ խորհրդի 47 անդամներին: Անդամության համար դիմել էին նաեւ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը: Հայաստանը չընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի կազմում, իսկ Ադրբեջանը ընտրվեց:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկ դրամատիկ պայքար էր ծավալվել Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրների միջեւ: Մյուս բոլոր խմբերում ընտրությունն ավարտվեց մեկ փուլով, իսկ Հայաստանի խմբում՝ 3 փուլով: Ընդամենը 6 տեղ էր հատկացված այս խմբին, սակայն մրցում էր 13 երկիր: Հաղթելու համար երկիրը պետք է ստանար ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 191 անդամների քվեների մեծամասնությունը՝ 96 քվե:
Հայաստանը դուրս մնաց պայքարից հենց առաջին փուլում՝ ստանալով 70 քվե: Վրաստանը նույնպես դուրս մնաց առաջին փուլում՝ ստանալով ընդամենը 35 ձայն:
Անհրաժեշտ քվեներ առաջին փուլում կարողացան հավաքել միայն Ռուսաստանը, Լեհաստանը եւ Չեխիան: Այս երեք երկրներից հետո ամենաշատ քվեները հավաքեց Ադրբեջանը՝ 95 ձայն: Միայն 1 ձայն չբավարարեց Ադրբեջանին՝ առաջին փուլում անցնելու համար:
Երկրորդ փուլի արդյունքներով Ադրբեջանը, Ուկրաինան եւ Հունգարիան ընտրվեցին Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ: Ադրբեջանը ստացավ 103 քվե: Ադրբեջանը համոզիչ հաղթանակ տարավ քվեարկության ժամանակ եւ, ըստ դիտորդների, դիվանագիտական տպավորիչ առավելության հասավ, այդ թվում, Հայաստանի նկատմամբ:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը հավաստիացնում էր, թե Հայաստանի լավ շանսեր ունի ՄԱԿ-ի նորաստեղծ խորհրդում ընտրվելու համար. «Բոլոր դեսպանությունները տարբեր մայրցամաքներում շատ հետեւողական եւ արդյունավետ աշխատել են եւ կարծում եմ, որ մենք ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի ներկայացնենք Հայաստանի Հանրապետությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի առաջին գումարման կազմում»: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: