Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ոչնչից չենք վախենում, բայց էմոցիոնալ մոտեցումների կարիք չկա. Նալբանդյան (տեսանյութ)

Պաշտոնական
nalbandyan

ԱԳ նախարարի ճեպազրույցը լրագրողների հետ «Հաղթանակ» զբոսայգում Հարց. Պարոն Նալբանդյան, Հանրապետության Նախագահը նախապայմաններ առաջադրեց, որոնց դեպքում կվերսկսվեն բանակցությունները: Ցանկանում ենք իմանալ` միջազգային հանրությունից արդեն կա՞ն որոշակի արձագանքներ։ Էդվարդ Նալբանդյան. Մեկ օր առաջ արտգործնախարարությունում ես հանդիպում ունեցա Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ, և այդ հանդիպման մասին հաղորդագրության մեջ հստակ նշվեց այն, ինչ բազմիցս ասվել էր մեր կողմից. այն, որ այս փուլում հանդիպումները և քննարկումները կարող են վերաբերել նրան, թե ինչպես կանխարգելել, թույլ չտալ, որ կրկնվի այն, ինչ եղավ ապրիլի սկզբին, երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողություններ սանձազերծեց Արցախի դեմ: Եվ իհարկե, ներդնել համապատասխան մեխանիզմներ, որոնք թույլ կտան դա ապահովել, որպեսզի հնարավոր լինի պայմաններ ստեղծել հետագայում բանակցային գործընթացը վերսկսելու նպատակով: Հարց. Պարոն Նալբանդյան, Հայաստանը կարծես ձեռնպահ է մնում Արցախի ճանաչումից: Այդ դեպքում ի՞նչն է պատճառը։ Դուք ասում եք` ագրեսիա լինի, իշխանությունը կճանաչի, հիմա ագրեսիան տեսանք մեր աչքի առաջ: Էդվարդ Նալբանդյան. Հարցը նրանում է, որ երկու պատգամավորների նախաձեռնության վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ հստակ ասվում էր, որ դա կախված կլինի Հայաստանի և Արցախի միջև բանակցություններից, և այլ զարգացումներից, ներառյալ միջազգային բեմահարթակում: Հարց. Ինչի՞ց ենք վախենում: Էդվարդ Նալբանդյան. Վախի հարց չկա, մենք ոչնչից էլ չենք վախենում: Պետք է նկատի ունենալ, որ դա բավական նուրբ հարց է, և այստեղ ինչ-որ հանկարծակի, էմոցիոնալ մոտեցումների կարիք չկա։ Միջազգային հանրությունը կիսում է մեր մոտեցումը, և մեր դիրքորոշումն էլ համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Դրա մասին էին խոսում եռանախագահող երկրների ղեկավարների` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հինգ հայտարարությունները։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը մինչ այսօր խուսափում է որևէ հղում կատարել այդ հինգ հայտարարություններին: Իսկ այդ հինգ հայտարարությունները հանդիսանում են միջազգային հանրության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Եվ նաև կհիշեցնեմ` թե Միացյալ Նահանգներից, թե Ֆրանսիայից և թե Ռուսաստանից այս օրերին նորից հստակ հնչեց, որ բանակցությունների առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցն է։ Եվ դա միշտ կենտրոնական տեղ է զբաղեցրել բանակցություններում, որոնց արդյունքում, իհարկե, պետք է ամեն ինչ անել, որ ապահովվի նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի թե ճանաչումը, թե իրացումը: Հարց. Պարոն նախարար, խոսակցություններ կային, որ Ռուսաստանի կողմից ճնշումների արդյունքում Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը օրակարգից կամ քննարկումներից դուրս եկավ։ Էդվարդ Նալբանդյան. Դա դատարկախոսություն է: