Հայաստանի ըմբիշները Ստամբուլում օլիմպիական ուղեգիր չնվաճեցին
Ստամբուլում ընթացող ըմբշամարտի համաշխարհային օլիմպիական վարկանիշային 2-րդ մրցաշարում Հայաստանի պատվիրակներն այդպես էլ չկարողացան Ռիո-2016-ի ուղեգիր նվաճել: Այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում մեր երեք ըմբիշներն էլ անհաջողության մատնվեցին նախնական փուլերում: Աշխարհի եւ Եվրոպայի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ քաշային կարգ) պարտություն կրեց հենց առաջին մենամարտում՝ 2:3 հաշվով զիջելով ամերիկացի Ֆրանկ Մոլինարոյին: Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) մեկնարկային մարտում 11:0 հաշվով ջախջախեց բելառուսցի Անդրեյ Կարպաչին, սակայն 1/8 եզրափակիչում պարտվեց Իսպանիան ներկայացնող Թեյմուրազ Նասկիդաեւին՝ 8:18: Մեր երրորդ մարզիկը՝ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը, պայքարը սկսեց երկրորդ փուլից, սակայն արդեն առաջին մենամարտում 0:4 հաշվով զիջեց գերմանացի Ուիլյամ Հարթին եւ դուրս մնաց հետագա պայքարից: Նշենք, որ այս մրցումներում օլիմպիական վարկանիշ վաստակում են միայն եզրափակիչ մտած ըմբիշները: Այդպիսով, Ռիո-2016-ի օլիմպիական խաղերում Հայաստանից կմասնակցեն ազատ ոճի երեք ըմբիշներ՝ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն: