Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Զուրաբյանի մեսիջները. «Սա հաճույք կամ տառապանք պատճառելու խաղ չէ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zurabyan-3

«Հիմա գլխավոր խնդիրը մեր միասնականությունն է, բայց միասնականությունը գործ է և այդ գործն առաջին հերթին պիտի անի իշխանությունը։ Ընդդիմությունը միայն կարող է խոսել։ Մենք հիմա չպիտի զբաղվեինք Ընտրական օրենսգրքով, բայց զբաղվում ենք, որովհետև 2017-ին նշանակված են ընտրություններ։ Բայց տպավորություն է, որ իշխանությունները չեն հասկանում, որ լուծվում է ոչ թե իրենց գոյության հարցը, այլ Արցախի գոյության հարցը»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։ «Այն, ինչ որ կատարվեց երեկ ԱԺ-ում խայտառակություն էր, իշխանություններն իջան մանր աճպարարությունների մակարդակին։ Երեկվա իր աճպարարությամբ, կանոնակարգի մասին օրենքի կոպտագույն խախտումները անընդունելի է։ Արդյունքը քվեարկության կեղծված լինելն է։ Մենք կոչ ենք անում իշխանություններին սթափվել։ Իրենք իրենց գործողությունների մակարդակը պետք է ապահովեն»,- ասաց Լ. Զուրաբյանը։ Նա երկրորդ մեսիջն ուղղում է ընդդիմությանը. «Փոխադարձ մեղադրանքներն անընդունելի են։ Իրական է այն ընդդիմությունը, որի միակ թիրախը իշխանությունն է։ Ճիշտ է, ապրիլի 2-ից հետո մենք ավելի զուսպ ենք, բայց մենք չենք մոռանում, որ մեր քննադատությունը, թեկուզ և զուսպ, լինելու է, կա, եղել է՝ իշխանությունը»։ Հնարավո՞ր է, որ այս զսպվածությունը ՀԱԿ-ի մոտ բնավորություն դառնա,-հարցնում է լրագրողը. «Եթե կարծում եք Լենինի նման պետք է հայտարարենք սեփական հայրենիքի պարտությունը, էդ հաճույքը ձեզ չենք պատճառի»։ «Սա քաղաքականություն է, սա հաճույք կամ տառապանք պատճառելու հոգեբանական խաղ չէ»,- հավելեց Զուրաբյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե իշխանությունը հաճույք է ստանում նրանց զսպվածությունից։