Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն առաջին անգամ կխաղա բարեկամության համար (տեսանյութ)

Սպորտ
sport-futboli-or

Ապրիլի 25-ին ֆուտբոլի միջազգային օրն է: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այն նշելու համար Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ներկայացրեց 12-14 տարեկան այն ֆուտբոլիստներին, որոնք այս տարի Միլանում մասնակցելու են «Ֆուտբոլը բարեկամության համար» միջազգային ֆորումին: «Մայիսի 26-29-ը Միլանում տեղի կունենա «Ֆուտբոլը բարեկամության համար» մրցաշար, որին մասնակցելու են եվրոպական 32 երկրների պատանեկան թիմեր: Նշեմ, որ թիմերին ընտրում են մրցաշարի կազմակերպիչները: Այս տարի Հայաստանից հրավիրել են Ֆուտբոլի ակադեմիայի թիմին, որն առաջին անգամ կներկայացնի մեր հանրապետությունն այդ մրցումներում» - ասաց «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի հայաստանյան պատասխանատու Հրաչյա Ղամբարյանը: Պատանի ֆուտբոլիստներին ներկայացնելուց հետո Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւ մեր ազգային թիմի ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը, որոնք լինելու են մեր թիմի դեսպանները Միլանում, բարեկամության թեւնոցներ կապեցին երեխաների ձեռքին: Կապույտ գույնը խորհրդանշում է երկինքը, իսկ կանաչը՝ ֆուտբոլի խաղադաշտը: «Սա շատ լավ նախաձեռնություն է: Նախ երեխաները շփվում են տարբեր երկրների եւ ֆուտբոլային կուլտուրա ունեցող իրենց հասակակիցների հետ, որտեղ նրանք մեծ փորձ են ձեռք բերում: Հուսով եմ, որ սա կլինի շարունակական» - հանդիպման ժամանակ նշեց մեր դեսպաններից մեկը՝ Վարդան Մինասյանը: Ի դեպ, միջոցառմանը հրավիրված բոլոր պատանեկան թիմերը ներկա կգտնվեն ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա մայիսի 28-ին, Միլանում: Մեր թղթակցի այն հարցին, արդյոք որ թիմերին կցանկանար տեսնել այդ խաղում հավաքականի նախկին մարզիչը, Վարդան Մինասյանն ասաց. «Կուզեի, որ եզրափակիչում հանդիպեին «Բարսելոնան» ու «Ռեալը», բայց քանի որ առաջինը դուրս է մնացել, ապա թող լինի «Բավարիան», որը խաղում է բարսելոնացիների ոճով, քանի որ թիմը մարզում է «Բարսելոնայի» նախկին մարզիչ Գուարդիոլան»: