«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հայտարարությունը Ոստիկանության ղեկավարությունը միացել է դավադիրներին Մարշալ Բաղրամյան պողոտայում ապրիլի 22-ին խաղաղ ցուցարարների և լրագրողների դեմ կիրառված բռնությունը երջանիկ պատահականությամբ չվերածվեց արյունահեղության: Աղետալի վերջաբանի ակնհայտ հավանականություն ունեցող անհամաչափ և ապօրինի բռնությունը էլ ավելի խորացրեց համատարած հանրային ատելությունը քրեական ռեժիմի նկատմամբ: Կատարվածը բացահայտեց, որ վարչախումբը. 1. հրաժարվում է հաշվետու լինել հասարակությանը մարդկային, տարածքային և նյութական կորուստների համար, 2. մերժում է բանակը արդիականացնելու և վերազինելու նպատակով ժողովրդից թալանած միջոցները վերադարձնելու և պետության ձեռքում կենտրոնացնելու հանրային պահանջը, 3. հավատարիմ է մնում տարածքներ զիջելու և Արցախում օտար զորքեր տեղակայելու ծրագրին: Ոստիկանության ղեկավարությունն այդ օրը կանգնած էր օրենքով սահմանված կարգով ժողովրդի պահանջին կամ վարչախմբի դավադրական ծրագրին աջակցելու ընտրության առջև: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է ոստիկանության պետի և մյուս ղեկավարների կատարած ընտրությունը, որով նրանք միացան հայ ժողովրդի դեմ դավադրություն իրականացնող անձանց կազմին և պատրաստակամություն դրսևորեցին մարտիմեկյան արյունալի սցենարով ճնշելու ժողովրդի հավանական դիմադրությունը: Երկրի համար այս օրհասական պահին ոստիկանության ծառայողներին կոչ ենք անում հավատարիմ մնալ ժողովրդին և օրենքին ծառայելու իրենց երդմանը, այլ ոչ՝ իրենց հրամանատարների դավաճանական և ապօրինի հրամաններին: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհուրդ