ԼՂ հարցը քննարկվել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նիստում (տեսանյութ)
Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստից առաջ տեղի է ունեցել Մոնիտորինգի հանձնաժողովի ԵԽ անդամ երկրների հակամարտությունների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը: Այս հանձնաժողովը գործում է արդեն մեկ տարի: Նիստը դռնփակ էր : Դրան Հայաստանի պատվիրակությունից մասնակցել են Հերմինե Նաղդալյանը եւ Նաիրա Զոհրաբյանը որպես իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներ: «Քանի որ ԵԽ-ը հակամարտությունների կարգավորման մանդատ չունի, այս ենթակոմիտեն փորձում է գտնել մի գիծ, որ կկարողանա իր ներուժը օգտագործել տեղի ունեցող գործընթացներին աջակցելու նպատակով»,-ասաց Հերմինե Նաղդալյանը: Ըստ նրա` այս ենթակոմիտեում փորձ է արվում տեղեկատվություն փոխանակել: Հայկական կողմը այս հարթակն օգտագործել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցածը պատվիրակներին ներկայացնելու համար: Սա կրկին զայրացրել է ադրբեջանցիներին: Հերմինե Նաղդալյանը նշել է, որ հայկական կողմը ներկայացնում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից հաստատված փաստերը: Ի դեպ, երբ «Ա1+»-ի թղթակիցը ադրբեջանական պատվիրակության ղեկավարից ցանկացել է այդ նյութերը, վերջինս խորհուրդ է տվել դիմել Կարմիր խաչին: Նա հերքել է հայ զինծառայողների մարմինները անարգելու փաստը, մինչդեռ այդ լուսանկարները հենց Բաքվի համալսարանի կայքում է տեղադրված եղել: