Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շանթի գործով» պատշաճ դատական ակտ է կայացվել. դատավոր

Քաղաքականություն
shant1

ՄԻԵԴ վարույթում գտնվող «Շանթ Հարությունյան եւ ընկերներ»-ը գործով դեռ նորություն չկա:  Դեռ սեպտեմբերի 15-ին  գործը պաշտպան Ինեսա Պետրոսյանը   ներկայացրել էր Եվրոպական դատարան եւ 15 օրվա ընթացքում  գրանցվել էր: Հիշեցնենք, որ  Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել 2013 թ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար։ Բացի Շանթ Հարությունյանից, գործով անցնում էին եւս 13 անձինք, որոնք մեղավոր են ճանաչվել եւ դատապարտվել տուգանքից մինչեւ 7 տարվա ազատազրկման:  Գանգատը ներկայացվել է  11 անձի վերաբերյալ: Ինեսա Պետրոսյանը գանգատ ներկայացնելիս բարձրացրել էր արդար դատաքննության իրավունքի հարցը: Գործով դատավճիռը Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ներկայացվել է 2 ժամվա ընթացքում, երբ 134 հատորանոց գործ էր քննվում: Խախտվել է նաեւ որոշ ամբաստանյալների վերջին խոսքից օգտվելու իրավունքը: Գործը քննած դատավոր Մնացական Մարտիրոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ գնահատականները  տվել է դատական ակտում: «Որեւէ խնդիր չեմ տեսել, պատշաճ դատական ակտ է կայացվել: Եթե Եվրոպական դատարանը որեւէ որոշում կայացնի, այդ դեպքում կծանոթանանք, կվերլուծենք:  Որոշակի կանոններ կան, որ ես պետք է պահպանեմ, կարծիքս հայտնել եմ դատական ակտում»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ամբաստանյալներից ոմանց վերջին խոսքի իրավունքից զրկելուն, դատավորը նշեց, որ դա կարող է լինել պաշտպանի, հասարակության մի խմբի կարծիքը. «Ես   այդ կարծիքին չեմ»: