«Հին Էրիվան»-ի շենքը hանվել է աճուրդից
Ապրիլի 15-ից աճուրդի հանված «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի շենքը երեկվանից աճուրդի մեջ չէ: Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, որ աճուրդից հանվել է այն հիմքով, որ սահմանված ժամկետում հնարավոր չի եղել պարտապանին ծանուցել աճուրդի մասին: Հիշեցնենք, որ «Հին Էրիվան»-ը դատական վեճի մեջ էր «Յունիբանկ»-ի հետ: «Հին Էրիվան»-ին Վճռաբեկ դատարանը սնանկ է ճանաչել՝ համարելով, որ չի կատարել իր վարկային պարտավորությունները։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի համաձայն՝ Հարկադիր կատարման ծառայությունում հարուցվել է կատարողական վարույթ, որի կատարման շրջանակներում որոշում է կայացվել գրավի առարկա հանդիսացող Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին։ «Հին Էրիվան»-ի շենքը գտնվում է Հյուսիսային պողոտայում։ Այն տասը հարկանի է: Նկարագրության մեջ նշված է, որ այն ունի նկուղ եւ ձեղնահարկ, պատերը՝ տուֆ քարից: Ընդհանուր մակերեսը՝ 1662.5քմ, նկուղային հարկ՝ 198քմ ներքին մակերեսով, նկուղային հարկ՝ 194.9քմ ներքին մակերեսով: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության հողամաս՝ 240քմ: Առկա է ինքնակամ օգտագործվող հողամաս՝ շուրջ 277քմ մակերեսով, որի վրա ինքնակամ կառուցված են 640.4քմ ներքին մակերեսով շինություններ: