Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խախտել են կոնվենցիան՝ կրակելով շտապ օգնության մեքենայի վրա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hospital-nkarrrr

Ժամեր առաջ Արցախից ուղղաթիռով Մուրացանի զինվորական հոսպիտալ ծայրահեղ ծանր վիճակում նոր զինծառայող է տեղափոխվել։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտնեց ՊՆ ռազմաբուժվարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը: Ընդհանուր առմամբ, վիրավորների թիվը ԶՈւ ամբողջ օպերացիայի ընթացքում 121 Է: «Առավոտյան ժամը 12:00-ի տվյալով ունեինք 5 վիրավոր՝ ծայրահեղ ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժանմունքում, 10-ը՝ ծանր վիճակում: Բայց ինձ քիչ առաջ զեկուցեցին, որ մեկը ծայրահեղ ծանր վիճակից արդեն ծանր վիճակում է, ապարատն անջատվել է, կոնտակտ կա: Մյուսները թեթև բեկորային վիրավորումներ ունեն և ապաքինվելուց հետո կուղարկվեն ծառայության: 4 անդամահատված վիրավոր կա»,-նշեց պարոն Խաչատրյանը: Կայազորային հոսպիտալներ տեղափոխված վիրավոր զինվորների դեպքում մահվան միայն մեկ դեպք է գրանցվել՝ Մարտակերտի հոսպիտալում. «Մնացած բոլոր դեպքերում յուրաքանչյուր վիրավոր զինվոր, ով հասել է վիրահատական սեղանին, փրկվել է: Սա աննախադեպ ցուցանիշ է՝ այդչափ վիրավորների պարագայում»,-շեշտեց ռազմաբուժվարչության պետը: Նա հայտնեց, որ այժմ Երևանի հոսպիտալում կա 32 վիրավոր: Կամավոր Խաչատրյանը նաև մանրամասնեց Շտապ օգնության մեքենայի վնասման դեպքը. «Առաջնագծում օգնության հասնելու համար սանիտարական մեքենաներից մեկը ոչնչացվել է ադրբեջանական  կողմից այն դեպքում, երբ վրան խաչ կա: Միջազգային կոնվենցիաներով արգելված է կարմիր խաչի վրա կրակել։ Սակայն ադրբեջանական կողմը կրակել է, և արդյունքում մեկ մեքենայի կորուստ է եղել, բայց մարդկային զոհ չկա»: Թեև հոսպիտալում պլաստիկ վիրահատություններ կատարել ընդունված չէ, սակայն բժիշկներն ամեն ինչ անում են՝ վիրավորների վերջույթները փրկելու համար. «Մենք մեկ վիրավորի ենթածնկային զարկերակի մեծ դեֆեկտի պլաստիկ վիրահատություն ենք կատարել։ Պայքարը գնում է ոչ միայն զինվորի կյանքի, այլև՝ հետագա հաշմանդամությունը կանխելու համար։ Վիրահատությունների արդյունքում վերջույթները պահպանվել են: Մենք մեր զինվորին մինչև վերջին թելը կքանդենք, կառողջացնենք և նոր կվերադառնան իրենց մշտական տեղակայման վայրեր»: Մարտական գործողությունների ժամանակ ռազմական հանցագործությունների մասով ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Բոլոր նյութերը հավաքվել են, կամփոփվեն ու կներկայացվեն համապատասխան մարմիններին: Նյութերն ավելի քան բազմազան են»: Իսկ Քարվաճառում երկու զինծառայողի մահվան դեպքերի առթիվ նա հայտնեց, որ քննություն է ընթանում: Անհայտ կորած զինվորների մասով կատարվում են որոնողական աշխատանքներ: