Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանդալիզմ՝ աղբամանների նկատմամբ (տեսանյութ)

Հասարակություն
s1

Մարտի 15-ից  «Սանիտեկ» ընկերությունը պաշտոնապես սկսել է սպասարկել նաեւ Էրեբունի վարչական շրջանը։ Հաջորդ օրն իսկ, սակայն, խնդիրներ են առաջացել։ «Էրեբունի վարչական շրջանում տեղադրել ենք թվով 900 աղբաման։ Հաջորդ օրն իսկ Արեշի 7-րդ փողոցում չորս աղբաման են այրել, չնայած նրան, որ տեղի բնակչությունը ոգեւորությամբ ընդունեց մեզ։ Այսպիսի դեպքեր շատ ենք ունեցել, բայց որ նման ձեւով դիմավորեն  «Սանիտեկին», նման նախադեպ չի եղել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Սանիտեկի» ադմինիստրատիվ ղեկավար Արա Կարապետյանը։ Բացի սա, Էրեբունի վարչական շրջանում եւս երեք աղբամանի անիվներ են պոկել, տարել։ Ընկերությունը դիմել է ոստիկանություն՝ պարզելու համար արարքի հեղինակների ինքնությունը։ Սկսած 2014 թվականի դեկտեմբերից, երբ «Սանիտեկը» ստանձնեց Երեւանի աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները, վնասվել է ընկերության մոտ 200 աղբաման։ Ընկերության ներկայացուցիչը նշեց, որ դրանք հիմնականում անհնար է լինում վերականգնել։ «Սանիտեկը» քաղաքացիներին կոչ է անում ոչ թե խանգարել, այլ օգնել իրենց, քանի որ իրենք միայնակ չեն կարող պահպանել Երեւանի մաքրությունը։ «Սանիտեկը» միջազգային կազմակերպություն է եւ ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի միջազգային ստանդարտներին համապատասխան սանիտարական մաքրում եւ աղբահանություն իրականացնի»,-ասաց Արա Կարապետյանը։ Մեր հարցին, թե քաղաքապետարանը նման դեպքերում աջակցու՞մ է իրենց, Կարապետյանը պատասխանեց։ «Քաղաքապետարանն իր ամբողջ թիմով մեր կողքին է, օգնում է վարչական տուգանքներ նշանակել աղբը չնախատեսված վայրում թափելու, աղբամանները կոտրելու եւ այլնի համար։ Բայց սա մասնավոր ընկերություն է, մեր գույքն է, քաղաքապետարանը ոչ մի կերպ պարտավոր չէ սա փոխհատուցել»։ Ի դեպ, «Սանիտեկը» մասնաճյուղեր ունի այլ երկրներում եւս, եւ Արա Կարապետյանի խոսքով՝ որեւէ այլ երկրում նման դեպքեր չեն արձանագրվել։ s3 s2