Սնանկացած գործարարը առաջարկ ունի կառավարությանը
«Կրեպսոն» ՍՊԸ գործադիր տնօրեն Արման Երեմյանը, չնայած գործարար աշխարհում ունեցած բոլոր դժվարություններին, ուզում է հավատալ Սերժ Սարգսյանի վերջին ելույթներին, համաձայն որոնց պետք է կարգավորվեն ու վերահսկվեն մի շարք ոլորտներ: Գործարարը նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին, որում համագործակցության առաջարկ է արել կառավարությանը՝ խոստանալով իր ներդրումն ունենալ գյուղատնտեսական աճի ապահովման գործում: Գործարարն այժմ սպասում է արձագանքի: «Չունենալով պետական աջակցություն՝ գործարար կապեր եմ հաստատել «Իսրայել» ընկերության հետ, որի պարարտանյութն եմ ներկայացնելու Հայաստանում: Այն խթան է հանդիսանալու գյուղատնտեսության համար»,-մեզ հետ զրույցում ասաց նա: Հիշեցնենք, որ սնանկացած ընկերության տնօրենն իր ներկայիս վիճակի համար մեղադրում է Դավիթաշենի նախկին թաղապետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանին։ 2007թ-ին Արման Երեմյանը Դավիթաշենում գյուղմթերքի մանրածախ առևտրի կենտրոն է ստեղծել։ «2008թ-ից էլ ծանոթացել եմ Արթուր Գեւորգյանի հետ, որը վարձակալությամբ տարածքներ էր տալիս։ Նա ինձ առաջարկեց իր ընկեր Վաչագան Մանուկյանի հետ կառուցել մանրածախ շուկա։ Ինձ առաջարկվեց ներդրում անել, որը կնվազի վարձակալության մարման ընթացքում»,- «Ա1+-»-ին պատմել է Արման Երեմյանը։ Արման Երեմյանի խոսքերով ՝ ինքը ներդրել էր շուրջ 12 մլն դրամ։ Ըստ նրա՝ Արթուր Գեւորգյանը խախտել է պայմանավորվածությունը և վարձակալության դիմաց պահանջել ամսական 1 մլն դրամ, առանց իրավական փաստաթղթի։