ՀԷՑ-ում այսօր կորուստները բավականին աճել են․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնդրադառնալով նոր սպառողների միացման վճարներին՝ Դավիթ Ղազինյանը նշել է, որ դրանց թանկացումը սխալ կերպով վերագրվել է ՀԷՑ–ին։
«ՀԷՑ-ում նոր սպառող բաժանորդների վճարների թանկացումը վերագրվում էր մեզ այն պարագայում, երբ մենք որևէ գործիք չունեինք դա իրականացնելու։ Դա անում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,- ասել է նա։
Ղազինյանի խոսքով՝ այժմ այդ վճարների նվազեցումը պայմանավորված է քաղաքական նպատակներով։
«Հիմա որոշել են այդ վճարներն իջեցնել, դա իրենց կողմից ընտրակաշառքի մի ձև է այնպես, ինչպես թոշակները և մյուս բաները, որոնք կատարվում են»,- նշել է նա՝ հավելելով, որ ժողովրդի վճարած հարկերով իրականացվող քայլերն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես սեփական նախաձեռնություն։
Նա նաև տեղեկացրել է, որ ՀԷՑ-ում առկա է նոր սպառողների միացման շուրջ 1500 հայտի ուշացում։
«Դա իրենց ապիկար կառավարման հետևանքով է։ Նույնիսկ վախենում են պլանային անջատումներ իրականացնել, քանի որ վթարների քանակը շատ է»,- ասել է Ղազինյանը։
Նրա պնդմամբ՝ ՀԷՑ-ում այսօր կորուստները բավականին աճել են, և այդ աճը, ըստ նրա, անմիջական ազդեցություն ունի սակագնի վրա։
«Իմ տեղեկություններով՝ այսօր կորուստները բավականին աճել են, իսկ կորստի աճն անմիջական կապ ունի սակագնի հետ։ Ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, որովհետև այստեղ ծուղակներ են դրված»,- եզրափակել է նա։