Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու գործը՝ դատարանում. ասուլիսում ներկայացվել են մանրամասներ (տեսանյութ)

«Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանն ասուլիսի ընթացքում ներկայացրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիցենզիայից զրկման վերաբերյալ դատական գործընթացի մանրամասները՝ անդրադառնալով վարչական դատարանում կայացված որոշումներին։

Նրա խոսքով՝ վարչական դատարանում բողոքարկվել է ՀԾԿՀ-ի որոշումը, որով ՀԷՑ-ը զրկվել է լիցենզիայից։ Որոշումը կազմված էր 7 առանձին կետից, որոնք ամբողջությամբ քննվել են դատարանում։

Օրբելյանը նշել է, որ յուրաքանչյուր կետի շրջանակում կարգավորող մարմինը պարտավոր էր հստակ հիմնավորել, թե կոնկրետ ի՞նչ խախտում է արձանագրվել և ներկայացնել համապատասխան ապացույցներ, սակայն, ըստ նրա, ՀԾԿՀ-ն այդ առումով պատրաստ չէր։

«Երկար ժամանակ ապացույցներն էին ուսումնասիրում, փորձում էին պարզաբանել, թե ո՞ր փաստաթղթի հետ համադրեն և ինչպե՞ս հիմնավորեն իրենց պնդումները»,- ասել է նա։

Դատարանը, ըստ ներկայացվածի, որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերը համարել է չհիմնավորված։

Մասնավորապես՝

1-ին կետով արձանագրվել էր, թե բաշխողը խախտել է ԲԷԱՀ-ի բնականոն աշխատանքի ապահովմանն ուղղված ԷԲՑ կանոնների 245-րդ կետով սահմանված պահանջները՝ հաշվառքի սարքերից ստացվող տվյալների գրանցման, դրանց պաշտպանվածության և հասանելիության ապահովման մասով։ Սակայն դատարանն այս պնդումը չի համարել հիմնավորված։

2-րդ կետը, որը, ըստ Օրբելյանի, «ամենաքաղաքականն էր», վերաբերում էր սպառողների և ինքնավար էներգաարտադրողների կողմից սպառված և արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների հավելագրումներին ու թերգրանցումներին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր հաշվիչների ցուցմունքների ոչ ճիշտ գրանցմանը, հաշվառման բազայում այլ ցուցմունքների ներառմանը, հաշվիչների նկատմամբ արտաքին ներգործությանը, ինչպես նաև սեփական կարիքների համար հավելյալ ծախսերի ձևավորմանը։ Դատարանն այս կետն էլ չի հիմնավորել։

3-րդ կետով ընկերությանը վերագրվել էր նոր սպառողների միացման ժամկետների խախտումներ՝ մեծածավալ և բազմակի։ Սակայն, ըստ փաստաբանի, այստեղ ևս առկա են թվերի մանիպուլյացիաներ։

«Օրինակ՝ ասում են Սևան քաղաքում 130 բաժանորդի մոտ խախտում են հայտնաբերել։ Երբ խնդրում ենք ներկայացնել այդ 130 դեպքերը, պարզվում է՝ ստուգվել է 130-ը, բայց խախտում հայտնաբերվել է ընդամենը 3-ի դեպքում»,- նշել է նա։

Ասուլիսի ընթացքում ելույթ է ունեցել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

Նա հայտարարել է, որ դատարանը մի շարք կետերով հերքել է ՀՀ իշխանությունների մեղադրանքները, որոնք ուղղված էին «Տաշիր կապիտալ» ընկերությանը։

Ղազինյանի խոսքով՝ իշխանությունների հերթական «սուտը» վերաբերում էր հավելագրումներին, երբ հայտարարվել էր, թե ՀԷՑ-ը «3 միլիոն մարդու գրպան է մտել»։

«Դատարանն իր որոշմամբ նշեց, որ դա սուտ է, որևէ ձևով չի հիմնավորվում»,- ասել է նա։

Նա նաև հավելել է, որ դատարանը չի հաստատել պնդումները կապված այն հայտարարության հետ, թե ՀԷՑ-ը քաղաքացիներին «կողոպտում է», և էլեկտրաէներգիայի սակագնի մեջ ներառվում են ընկերության վարկային պարտավորությունները։

Ղազինյանն անդրադարձել է նաև էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի վերաբերյալ հնչած հայտարարություններին՝ նշելով, որ դատարանն արձանագրել է՝ այդ համակարգը չի կարող ջնջվել, և չկա որևէ ապացույց, որ նման գործողություն իրականացվել է։

«Հիշո՞ւմ եք՝ մի փոքրիկ շոու բեմադրվեց, որտեղ հնչեց միտք, թե հնարավոր է հաշվիչ համակարգը ջնջել՝ ինչ-որ բան թաքցնելու համար։ Դատարանը ֆիքսեց, որ դա ջնջել հնարավոր չէ»,- ասել է նա։

Նա նաև պնդել է, որ ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու գործընթացն ամբողջությամբ քաղաքական է՝ նշելով, որ անգամ եթե խախտումներ են եղել, դրանք վերագրվում են նախկին ժամանակահատվածին, սակայն, ըստ նրա, իշխանությունները դա հաշվի չեն առնում։

«Ուզում են ճնշել Սամվել Կարապետյանին»,- հայտարարել է Ղազինյանը։

Նրա խոսքով՝ հանրությանը ներկայացվում է ընտրովի տեղեկատվություն։

«Ժողովուրդ ջան, ասում եմ՝ ձեր վճարած գումարների մեջ մտնում են նաև վարկերի տոկոսները և այլն, բայց դատարանը ֆիքսել է, որ ՀԷՑ-ի հարկերը վճարում է միայն սեփականատերը»,- ասել է նա։

Ղազինյանը նաև ուղիղ դիմել է իշխանություններին․ «Պատրա՞ստ եք տղամարդավարի ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից»։

Նա հավելել է, որ, իր համոզմամբ, այսքանից հետո չի կարող լինել որևէ մեկը, որը կկասկածի այս գործընթացի քաղաքական լինելու մեջ։

Փաստաբան Օրբելյանը նաև տեղեկացրել է, որ օրենքով լիցենզիայից զրկվելուց հետո սահմանվում է երեքամսյա ժամկետ բանակցությունների համար, և եթե կողմերը համաձայնության չեն գալիս, գործընթացը կարող է իրականացվել հանրային գերակա շահի հիմքով։

Նրա խոսքով՝ այդ ժամկետը լրանում է մայիսի 25-ին։

«Ամեն դեպքում՝ մենք շարունակում ենք իրավական բանակցությունները։ Ինչ վերաբերում է կառավարության ներկայացրած գնային առաջարկին, ապա այն ընդամենը մեկ էջանոց փաստաթուղթ է»,- նշել է նա։

Ասուլիսի ընթացքում նաև հարց է հնչել՝ արդյոք դատարանը չի՞ արձանագրել գործընթացի քաղաքական բնույթը, և ի՞նչ քայլեր են պատրաստվում իրականացնել, ինչպես նաև՝ արդյոք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վստա՞հ է, որ գալու է իշխանության։

Ի պատասխան՝ Ղազինյանը հայտարարել է, որ կուսակցության ներսում երբևէ պաշտոնների բաշխում կամ վաճառք չի իրականացվել։

«Եթե ձեզ որևէ մեկն ասի, որ մենք պաշտոն ենք բաժանում, իմ անունից ասեք՝ դու ստախոս ես»,- նշել է նա։

Ղազինյանը նաև ընդգծել է, որ, ըստ իրենց հարցումների, իրենք ունեն «50+1» ձայն հավաքելու հնարավորություն։

«Մենք ամենօրյա աշխատանքի մեջ ենք, գետնի վրա ենք, պատկերացնում ենք՝ որտեղ ենք առաջատար, և ինչ է կատարվում։ Մենք ունենալու ենք բացարձակ մեծամասնություն ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,- եզրափակել է նա։