Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստուգումներ՝ մանկապարտեզներում և դպրոցներում

Տնտեսություն
ssfs

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականին իրականացրել է 665 ստուգում: Նախորդ տարի Ծառայությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել նախակրթական և կրթական հաստատություններին մատակարարվող սննդամթերքի անվտանգության խնդիրներին. նախակրթական և կրթական ուսումնական հաստատությունները կազմել են ընդհանուր ստուգումների կեսից ավելին: Ստուգումների տարեկան ծրագրում ռիսկերի գնահատման արդյունքում ընդգրկվել են նաև բարձր, միջին և ցածր ռիսկայնություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ: Այն բոլոր դեպքերում, երբ ստուգման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, կայացվել է տուգանք նշանակելու մասին 546 որոշում, որի արդյունքում 46 միլիոն 910 հազար դրամ մուտքագրվել է պետական բյուջե: Կայացվել է արտադրական գործունեությունը կամ առանձին գործառույթները կասեցնելու 42 և աշխատանքի չթույլատրելու 17 որոշում: 2015 թվականի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 138 հրամաններով իրականացվել են դիտարկումներ և անասնահամաճարակային մշտադիտարկումներ, որից 81-ը՝ դիտարկում, 32-ը՝ անասնահամաճարակային մշտադիտարկում, 25-ը՝ դիտարկում և անասնահամաճարակային մշտադիտարկում: Ընդհանուր առմամբ, դիտարկումների ու մշտադիտարկումներ միջոցով վերահսկողություն է իրականացվել 2572 տնտեսավարող սուբյեկտներում, որից 2460-ը՝ Ծառայության նախաձեռնությամբ: Ընդ որում՝ շուրջ 30 տոկոսով ավելացել են սոցիալական ցանցերով բարձրաձայնված խախտման դեպքերը, ինչի արդյունքում ավելացել է դիտարկումների քանակը: 2572դիտարկումներից և անասնահամաճարակային մշտադիտարկումներից 1435-ն իրականացվել է ՀՀ տարածքում գործող մանկապարտեզներում, դպրոցներում և դրանց սնունդ մատակարարող կազմակերպություններում: Ծառայության կողմից հայտնաբերված խախտումները բազմաբնույթ են եղել, մասնավորապես՝ գրանցվել են մակնշման, պիտանիության ժամկետի, անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված մթերքի, փաթեթավորման, բաղադրության կանոնների խախտման, անվտանգությունը հավաստող փաստաթղթերի բացակայության և սանիտարահիգիենիկ նորմերի և կանոնների խախտման դեպքեր: