Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ «ժամանակավոր ընդդիմությանը»՝ մեկումեջ չզարթնել

Տնտեսություն
Ayvazyan-nkar-1

ԱԺ-ում այսօր ԱԱՀ մասին օրենքում փոփոխությունների կատարելու մասին նախագծի քննարկմանը հարակից զեկուցող, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ մեկ տարվա ընթացքում, անդամակցելով ԵՏՄ-ին, ավտոմեքենաների ներմուծման ընդհանուր անկում եղավ, սակայն ՌԴ-ից աճ եղավ. «Իսկ ռուբլու անկմամբ ձեռնտու է արդեն մեքենա բերելը հիմա: Ներմուծումը կրկնակի, եռակի թանկ էր, հիմա հնարավոր  է ներկրել ավելի մատչելի: Պետությունը պիտի խթանի դա, կապիտալի ու մյուս ատրիբուտների ազատ տեղաշարժը պետք է խթանենք: Ի դեպ, ԱԱՀ-ն ՌԴ-ում 18 տոկոս է, այլ ոչ թե քսան: ՀՀ-ում հաշվե՞լ եք, թե ավտոներկրող ինչ սալոններ կան, որպեսզի ռիսկերը ճիշտ հաշվարկենք: Եթե կա իրավական կազուս, մենք դրան պետք է լուծում տանք»: Ի դեպ, մեկ տարվա ընթացքում ապօրինի գանձված գումարները կազմում են մոտ 1.7 մլրդ դրամ. «Ի դեպ, սա այն գումարն է, որ Խորհրդային տարիների ավանդների համար պետական բյուջեից հատկացվում է տարեկան»: Միջազգային տնտեսական զարգացման եւ ինտեգրման նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը հայտարարեց, որ ուզում է փարատել կասկածները, որ ապօրինաբար են եղել գանձումները. «Մարդատար մեքենաների ներկումը ժամանակավոր բնույթ ուներ նման գանձմամբ: Եթե չհարկեինք, ապա մենք անհավասար պայմաններ կստեղծեինք իրավաբանական անձանց համար այս ոլորտում գործող: Պետք էր մի որոշ ժամանակ, որ բանակցություններ վարեինք ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի հետ, որ որոշակի առանձնահատուկ պայմաններ ստեղծվեին ՀՀ համար՝ ԱԱՀ գանձման առումով, որը հնարավորություն կտար զրոյական դրույքաչափ սահմանել: Երբ տեսանք, որ բանակցություններն արագ են ընթանում ու որոշակի հաջողություններ գրանցեցինք, կառավարությունը գտավ, որ ավելի վաղ կարելի է այս դրույթը վերացնել: Եթե մեքենաների ներկրումը չի իրականացվում ձեռնարկատիրական նպատակներով, ազատվում է ԱԱՀ-ից: Դա որոշում է ֆիզիկական անձի կողմից ակնհայտ առեւտրային քանակներով»: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը իր ելույթում կոչով հանդես եկավ. «Եկեք անդրադառնանք նաեւ աշխարհիկ հարցերին: Բոլոր խմբակցությունները ողջունեցին այս նախագիծը: Կոչ եմ անում, որ ժամանակավոր ընդդիմություն աշխատող մեր գործընկերները մեկումեջ չզարթնեն, քանի որ նայում եմ քվեարկությունները ու նրանցից ոչ մեկը ոչ մասնակցել է, ոչ էլ տեղյակ է: Ինչ որ ասացի, նա հասկացավ»: Նախագծի քննարկումն ավարտվեց, վաղը տեղի կունենա քվեարկություն: