Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս վարվել ապօրինի գանձված գումարների հետ (տեսանյութ)

Տնտեսություն
parliament

ԱԺ-ում այսօր ԱԱՀ մասին օրենքում փոփոխությունների կատարելու մասին նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, հարց ուղղելով հարակից զեկուցող, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին, հետաքրքրվեց. «Այս ամբողջ ժամանակահատվածում մեր իշխանությունները տեղյակ չէի՞ն, որ ԵՏՄ պայմանագրով նման բան է նախատեսվում: Այն, որ ժամանակին չի արվել դա ու քաղաքացիները կորուստ են ունեցել, սրա պատասխանն ո՞վ է տալու»: Նշենք, որ ԵՏՄ պայմանագրով անդամ պետություններից մեքենաների ներկրման ժամանակ ԱԱՀ չի գանձվում, մինչդեռ մոտ մեկ տարի է ՀՀ քաղաքացիները ավտոմեքենա են ներկրում՝ վճարելով ԱԱՀ: Այս ապօրինության մասին բարձրաձայնվել է ԵՏՄ  տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայի կողմից: Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ առանց Վալովայի կողմից հարցի հնչեցման էլ մեր հանրապետությունում բոլորն էլ ամեն ինչ գիտեն. «Դուք գիտե՞ք ինչքան մուտքեր են եղել բյուջե ԵՏՄ անդամակցությունից՝ 44 մլրդ դրամ, իսկ 12 մլրդ դրամ էլ շրջանառության հարկից: Սրա մասին պետք է հրապարակային քննարկում լիներ»: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Եթե ԵՏՄ համաձայնագրով ունեցել ենք այս կարգավորումը, պիտի իրավական ավելի մեծ ուժ ունենար այն, քան ՀՀ գործող դրույթը: Ստացվում է՝ սա հաշվի չի առնվել: Փաստորեն, այս տրամաբանությամբ ապօրինի գանձում է տեղի ունեցել: Ապօրինությունը ոչ թե սոցիալական նպատակահարմարության հետ կապված հարց է, այլ գումարների հետվերադարձման: Որեւէ տեղեկություն ունե՞ք՝ վերջին կադրային տեղաշարժերը Ֆինանսների նախարարությունում կապ ունե՞ն այս իրավիճակի հետ, Գագիկ Խաչատրյանի լիազորությունների կրճատումը կա՞պ ունի սրա հետ»: Միքայել Մելքումյանը նշեց, որ ինքը չի կարծում, որ այդ տարանջատումը կապված էր այս հարցի հետ: Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Քաղաքական նպատակահարմարության հարց է՝ կարող են հանել Գագիկ Խաչատրյանին ու նորից գերատեսչությունները միացնեն, փուլային տրամաբանություն գործի: Ինձ ուրիշ բան է  հետաքրքրում՝ գազ ներկրելիս ԱԱՀ վճարո՞ւմ ենք, թե ոչ, նավթ ներմուծելիս եւս, ու դա ինչիպիսի՞ հարաբերություն ունի ԵՏՄ պայմանագրի հետ կապված: Այս կոնտեքստում մյուս ապրանքատեսակներին անդրադառնալո՞ւ ենք, թե ոչ, թե միայն մեքենաների մասին ենք խոսելու»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր կողմից հայտարարեց, որ չի միանա այս օրենքին, սակայն կողմ կքվեարկի. «Այսքանը հերիք է, որ ստոպ չտանք այս ապօրինությունների լուծմանը: Ինչպե՞ս վարվենք ապօրինի գանձված գումարի հետ՝ եթե բյուջեն փող չունի, եկեք ձեւակերպենք պետական պարտք ու տարիների ընթացքում մուծենք, այլապես դա մշտապես մնալու է հարց: Գոնե այդ գումարները փոխհատուցվեն պետական արժեթղթերով»: