Մեր շախմատիստների եռյակը հետապնդում է առաջատարներին
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի բաց առաջնությունում Հայաստանի պատվիրակները շարունակում են պայքարը գլխավոր մրցանակի համար: Արդեն կայացած 8 տուրից հետո մեր երեք գրոսմայստերները՝ Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը, վաստակել են 6-ական միավոր եւ բաժանում են 4-19-րդ տեղերը: Աղյուսակը 7 միավորով գլխավորում է հնդիկ շախմատիստ Աբհիջեթ Գուպկան, որը այս տուրում հաղթել է հենց Սերգեյ Մովսեսյանին եւ դարձել միանձնյա առաջատար: Երկու շախմատիստ ունեն 6,5-ական միավոր: Այսօր նախատեսված նախավերջին, 9-րդ տուրում, Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով կհանդիպի միջազգային վարպետ Սաչդեւ Տանիայի հետ: Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը հանդես կգան սեւ խաղաքարերով: Նրանց մրցակիցներն են համապատասխանաբար իտալացի Ֆրանչեսկո Ռամբալդին եւ գերմանացի Շտեֆան Բոնբերգերը:
Մեր շախմատիստները պետք է անպայման հաղթանակ տանեն, որպեսզի շարունակեն հավակնել մրցանակային տեղերի, հակառակ դեպքում նրանք կզրկվեն այդ հնարավորությունից, քանի որ անմիջական մրցակիցները շատ-շատ են, ուստի այժմ յուրաքանչյուր միավորը ոսկու գին ունի: