Սերգեյ Մովսեսյանը՝ «Ռեյկյավիկ օփեն»-ի առաջատարներից է
Մեր առաջատար շախմատիստները շարունակում են պայքարը Իսլանդիայի մայրաքաղաքում ընթացող մրցաշարի մեդալների համար: «Ռեյկյավիկ օփեն» հեղինակավոր շախմատային մրցաշարում բավական հաջող է հանդես գալիս Հայաստանի հավաքականի երրորդ համար Սերգեյ Մովսեսյանը: Նա 7 տուրից հետո վաստակել է 6 միավոր եւ Աբհիջետ Գուպկայի հետ բաժանում է առաջին երկու տեղերը: Այսօր նախատեսված 8-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սեւերով կմրցի հենց հնդիկ գրոսմայստերի հետ: Մեր հավաքականի մյուս երկու անդամները՝ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, իրենց ակտիվում ունեն 5-ական միավոր եւ առայժմ բաժանում են 14-37-րդ տեղերը: Մեդալ նվաճելու համար նրանք մնացած երեք տուրերում պետք է անպայման հաղթանակներ տանեն: Այսօր Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կմրցի ամերիկացի Ջաստին Սարկարի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը նույն խաղաքարերով կփորձի հաղթահարել ավստրիացի միջազգային վարպետ Օլիվեր Լեհների արգելքը: