Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՏՏ ոլորտի աշխատակիցներին արգելում են մեկնել ԱՄՆ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Diana-nkar-karen-vardanyan

2014թ-ից սկսած հայաստանյան ՏՏ ընկերությունների աշխատակիցները ԱՄՆ մուտքի արտոնագիր չեն ստանում հյուպատոսական ծառայության աշխատակիցների սուբյեկտիվ որոշումների պատճառով՝ վնասելով ընկերությունների բնականոն գործունեությանն ու զարգացմանը. այսօր այդ մասին հայտարարեց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Վերջինս շեշտեց, որ Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների շուրջ 70%-ն արտահանվում է դեպի ԱՄՆ, այսինքն` այդ ոլորտում Միացյալ նահանգները հանդիսանում է Հայաստանի հիմնական գործընկերը: Նրա տեղեկացմամբ՝ տվյալ ոլորտում այսօր կա շուրջ 15.000 աշխատակից: «Սա այն ոլորտն է, որը վերջին տասը տարում անընդհատ 20-25% աճ է տվել և ՀՆԱ-ի մեջ գնալով դրա մասնաբաժինը աճում է: Իսկ հիմա մենք կանգնել ենք մի պրոբլեմի առաջ, որ ԱՄՆ-ի հյուպատոսարանի անհիմն մերժումների պատճառով , թե ընկերությունների աշխատակիցները և թե տնօրենները չեն կարողանում մեկնել այնտեղ: Դա սկսվել է դեռևս նախորդ հյուպատոսի պաշտոնավարման վերջին ժամանակահատվածում՝ 2014թ-ին և շատ ավելի խորացավ ներկայիս հյուպատոսի պաշտոնավարման ժամանակ: Մենք բազմիցս ահազանգել ենք սրա մասին, 10-ից ավելի հանդիպումներ ենք ունեցել թե հյուպատոսի, թե դեսպանի հետ, թե Պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ, որոնք այդ ոլորտի ղեկավարներն են և այցելում են Հայաստան, սակայն անարդյունք»,-ընդգծեց պարոն Վարդանյանը: Նրա խոսքերով՝ մուտքի վիզա չստանալու կոնկրետ և հիմնավոր պատճառներ հյուպատոսարանում չեն նշում: «Օրինակ մի աշխատակից կար, որ Apple-ի կողմից մրցանակ էր շահել և պետք է գնար այն ստանալու, բայց նրան մերժել էին, առանց հաշվի առնելու, որ նա նախկինում արդեն գնացել էր այնտեղ: Երբ հարցնում ես , թե ինչո՞ւ եք մերժել , ասում են, որ մենք բավարար հիմքեր չունենք հավատալու, որ չեք գնում այնտեղ քողարկված աշխատելու»: Մերժումումների վերաբերյալ Կարեն Վարդանյանն առանձնացրեց իր անձնական երեք դիտարկումները: «Առաջինը՝ գուցե քաղաքական պատճառ կարող է լինել, որ կապված է Հայաստանի ԵՏՄ անդամակցության հետ: Երկրորդը՝ բյուրոկրատական ընթացակարգերը, իսկ երրորդ պատճառը շատ սուբյեկտիվ է ՝ հնարավոր է սա կապված է ներկայիս հյուպատոսական ծառայության ղեկավարի նախընտրությունների և աշխարհընկալման հետ, ինչը ևս անհասկանալի է»: Կարեն Վարդանյանը շեշտեց, որ այս արհեստական խոչընդոտների արդյունքում կազմակերպությունները կրում են միլիոնավոր դոլարների կորուստ: Մանրամասները՝ տեսանյութում