«Ամբողջ Եվրոպան տեսավ նախագիծը, բացի մեզնից»
Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկմանն այսօր ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հայտարարեց, որ մինչեւ հիմա ինքը չունի քննարկվող նախագծի տպագիր տարբերակը: Ինչ վերաբերում է դիտորդների եւ լրատվամիջոցների թվի սահմանափակմանը ընտրատարածքներում, ապա ըստ նրա՝ այն փաստարկները, թե ԶԼՄ կեղծ ներկայացուցիչներ են այդ օրը հայտնվում ընտրատարածքներում, նա նշեց. «Դա որպես կանոն հաջողվում է իշխանության ԶԼՄ-ներին: Դրա լուծումները բազմաթիվ են: Օրինակ՝ կարող են ընտրությունները լուսաբանեն մեկ տարի առաջ գրանցված ԶԼՄ-ները: Այս կետը կարող ենք քննարկել: Ինչ վերաբերում է ընտրակարգին, ապա սա համամասնական անվանելն ուղղակի անթույլատրելի եմ համարում: Բոլորս էլ գիտենք՝ ինչ է ռեյտինգավորումը: Եթե թաքցնելու բան չունենք, ապա ինչո՞ւ ենք սահմանափակում դիտորդների թիվը, այդ թվում՝ միջազգայիններինը: Փաստացի, այս նախագծով, բացի մեծամասնություն կազմող կուսակցությունից, մյուս կուսակցություններին հնարավորություն չեն տալիս, որ կառավարություն ձեւավորի: Սա հակասահմանադրական, հակաժողովրդական է: Ժողովուրդ ջան, քննարկումների հնարավորություն գոնե տայիք. Ամբողջ Եվրոպան տեսավ այդ նախագիծը, բացի մեզնից: Եթե խնդիր կա, մենք կտպագրենք»: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախ նշեց, որ քվեաթերթիկի դակելու, այլ ոչ թե ծալելու մեխանիզմը կախված է դակիչի որակից. «Եկեք քննարկենք, որոշենք՝ որ առաջարկությունն է լավ: Իսկ ձեր տված մեծամասնականի սահմանումը չի համապատասխանում ընտրական իրավունքին ու բացեք ցանկացած դասագիրք, թեստը կիրառեք ու որոշեք՝ այն մեծամասնակա՞ն է, թե ոչ»: ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ուզում է մի բան առաջարկել. «Պետք է դադարեցնենք այս վարվելակերպը՝ դուք այն իշխանությունն եք, որ բոլորի աչքի առաջ կեղծեց հանրաքվեն՝ կես միլիոն ձայնից ավելի: Ժողովուրդն արդեն հոգնած է ընտրությունների կեղծումից ու ուզում է ազատ ու արդար ընտրություններ: Դուք այն իշխանությունն եք, որ սիստեմատիկորեն կեղծել եք, ու դուք այն իշխանությունը չեք, որ պիտի գաք, նման նախագիծ ներկայացնեք: Դուք ժողովրդի թիկունքում գրեցիք մի նախագիծ, որից ոչ մեկը տեղյակ չեղավ: Պետք է ստեղծել ընդդիմության, իշխանության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված մի հանձնաժողով, որը կմշակեր համապատասխան նախագիծ որ կվերականգներ վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ Մենք անընդհատ ասում ենք՝ մաքրեք ցուցակները, տեսախցիկներ տեղադրեք, քանի որ ոչ մեկը չի ցանկանում ուղիղ եթերում հանցագործություն անի: Հակառակ դեպքում այս քննարկումը իմիտացիա է»: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ որեւէ ցանկություն չունի նրա ելույթի նույն ոճով պատասխանել, քանի որ դրանից քննարկումը չի շահում. «Ես իմ գործընկերներին կոչ եմ անում բարոյախրատական ոճը մի կողմ դնել. ես էլ կարող եմ պատշաճ արձագանքել, սակայն չեմ ուզում»: