«Էլեկտրիկը կարող է ավելացնել սպառած հոսանքի ցուցմունքը»
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավորեցրել է ՀԷՑ-ին առնվազն տարին մեկ անգամ ստուգել էլեկտրոնային հաշվիչների ժամային շեղումները եւ ուղղել դրանք, սակայն մինչ օրս այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Ըստ նրա՝ սպառողները շատ հաճախ «գլուխ չեն հանում» հաշվիչներից, դրանք մատչելի վայում դրված չեն, սակայն կասկածներ ունենալու դեպքում նրանք կարող են դիմել ՀԷՑ եւ պահանջել վերահաշվարկ կատարել: Չիլինգարյանի խոսքով՝ սպառողները պետք է ավելի ուշադիր լինեն նաեւ տեսուչների հարցում, քանի որ վերջիններս կարող են ավելացնել սպառած էլեկտրաէներգիայի ցուցմունքը։ «Սպառողը չի կարող իմանալ, թե որ ժամին եկավ էլեկտրիկը եւ ինչ գրանցեց թղթի վրա: Էլեկտրիկին հնարավոր է հենց վերադասը ուղղություն տա, որ մեկ-երկու կիլովատ ավել գրի, որ սպառողն ավելի թանկ վճարի»,-նշեց նա՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ էլեկտրիկը հաշվիչի թվերը չի կարող փոխել, ուստի կարելի է հնարավորության դեպքում գրանցել հաշվիչի վրա արձանագրված թիվն ու հետագայում համեմատել այն էլեկտրիկի գրած թվի հետ: