Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միջավայրը մատչելի չէ հաշմանդամություն ունեցողների համար». նախարար (տեսանյութ)

Հասարակություն
save

Հայաստանում պաշտոնապես գրանցված է մոտ 200,000 հաշմանդամություն ունեցող անձ: Նրանցից շատերը չունեն կրթություն ստանալու եւ աշխատանք ունենալու հնարավորություն: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության գործակալությունում աշխատանք փնտրողներից 2500-ը հաշմանդամություն ունեցող անձինք են: Հենց այս խնդիրը լուծելու համար արդեն 4 տարի է՝ «Save the Children» կազմակերպությունն իրականացնում է «Life» ծրագիրը, որը միտված է աջակցելու հաշմանդամություն ունեցող անձանց: 4 տարիների ընթացքում ծրագրի շնորհիվ մշտական կայուն աշխատանք ունի արդեն ավելի քան 500 հաշմանդամություն ունեցող անձ. «Մեզ հետ համագործակցում են 18 կազմակերպություններ, այդ թվում նաեւ պետական կառույցներ: Մենք այսօր ներկայացնում ենք մեր մոդելը եւ ուզում ենք շահագրգռել ավելի շատ կազմակերպությունների»,- նշեց «Save the Children»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Ստեփանյանը: Ներկայացնելով ծրագրի դրույթները՝ նա կարեւորեց, որ աշխատանքը միայն հաշմանդամություն ունեցող անձանց հետ չի կատարվում. «Մենք աշխատում ենք նաեւ նրանց դասընկերների, գործընկերների հետ, որպեսզի նրանք էլ իմանան ինչպես շփվել, ինչպես ընդունել նրանց: Այդպես հաշմանդամություն ունեցող անձինք արագ են ինտեգրվում, եւ ստացվում է թիմային աշխատանք»: Խնդիրը պետականորեն լուծելու համար նաեւ օրենսդրական փոփոխություններ են կատարվել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ այս տարի պետական կազմակերպությունները, իսկ մյուս տարի նաեւ մասնավորները պարտավոր են ապահովել սահմանված քվոտան. «Նրանք պետք է իրենց աշխատողների ցուցակում համապատասխան թվաքանակով հաշմանդամություն ունեցող անձ ունենան: Հակառակ դեպքում ստիպված կլինեն մասհանումներ կատարել, որպեսզի լրացուցիչ ծրագրեր իրականացնեն նրանց համար»,-ասաց նախարարն ու հավելեց, որ իրենց նախարարությունը քվոտան արդեն ապահովել է: Այնտեղ աշխատում է 13 հաշմանդամություն ունեցող անձ: Նախարարը չի հերքում, որ միջավայրն այսօր մատչելի չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար, բայց նաեւ հավաստիացնում է, որ քայլեր արվում են: