«Երկաթգծի նախագիծն ավելի ձեռնտու է ՀՀ-ի հետ իրականացնել, քան Ադրբեջանի»
Փետրվարի 26-ին Իրանի մեջլիսի ընտրություններին մասնակցության իրավունք է ստացել 6230 թեկնածու, որոնք կպայքարեն 290 մանդատի համար: Նրանցից 4-ը հայ են: Ըստ իրանագետ Ռուդիկ Յարալյանի՝ ընտրություններից հետո մեր երկրի մասով լուրջ փոփոխություններ չարժե ակնկալել: Սակայն դրական կողմ կա. «Հայ թեկնածուները եթե հաջողության հասնեն, կարող են նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների էլ ավելի զարգացմանը: Նրանք կարող են միջնորդ դառնալ Հայաստանի և Իրանի միջև»,-նշեց նա: Իրանագետը վստահ է նաև, որ հետագայում այլ ոլորտներ կբացվեն երկու երկրների համար: Թեև խոչընդոտողներ մշտապես կան. «Երբ Հայաստանը փորձում է որևէ նախագծի շուրջ բանակցել Իրանի հետ, Թուրքիան և Ադրբեջանն անմիջապես ակտիվանում են»: Պարոն Յարալյանի համոզմամբ՝ հատկապես երկաթգծի շահագործման հարցում Իրանին ավելի ձեռնտու է մեր երկրի հետ իրականացնել այդ նախագիծը: «Հայաստան-Իրան երկաթգիծը 15-25 մլն տոննա ծանրաբեռնվածությամբ է աշխատելու, իսկ Ադրբեջանի դեպքում 4-5 տոննա կլինի»,-շեշտեց նա: