Հենրիխ Մխիթարյանը՝ ընդդեմ Իկեր Կասիլյասի
Ֆուտբոլի եվրոպական գավաթների ընթացիկ մրցաշարերի փլեյ-օֆֆում մեր ֆուտբոլիստներից մասնակցում է միայն Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի ազգային հավաքականի ավագն այսօր իր հերթական հանդիպումը կանցկացնի Եվրոպայի լիգայում: 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում նրա թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան», սեփական դաշտում ընդունելու է պորտուգալական «Պորտուին»: Թիմերն առաջին անգամ են հանդիպելու եվրոգավաթներում, չնայած բազմիցս հանդես են եկել չեմպիոնների եւ Եվրոպայի լիգաներում, անգամ հաղթել աշխարհամասի գլխավոր ակումբային մրցաշարում: «Բորուսիան» նախկինում արդեն մրցել է պորտուգալական երեք ակումբների հետ եւ, բոլորին էլ հաղթել է սեփական դաշտում: Պարզվում է նաեւ, որ «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի լիգայում: Մինչ այդ Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը 163 խաղ է անցկացրել եվրոգավաթներում, եւ բոլորն էլ չեմպիոնների լիգայում: Հենրիխ Մխիթարյանն ըստ մասնագետների համարվում է այդ հանդիպման գլխավոր դերակատարներից մեկը: Նա այս մրցաշրջանում ընդհանուր առմամբ խփել է 20 գոլ եւ կատարել 17 գոլային փոխանցում: Եվրոպայի լիգայի խմբային փուլում Հենրիխ Մխիթարյանի կատարած հարվածներից հետո մրցակիցներին գոլից փրկել է դարպասաձողը: Նա այդ ցուցանիշով առաջինն է: Նշենք, որ բուքմեյքերական գրասենյակներն այս հանդիպման ընդգծված ֆավորիտ են համարում «Բորուսիային», որի հաղթանակը գնահատել են 1,50 գործակցով, իսկ «Պորտուինը»՝ 4,50-ով: