Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բալետային ներկայացում՝ Ազնավուրի երգի հնչյուններով (տեսանյութ)

Մշակույթ
Xaratyan-nkar

Մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի երգի հնչյունները զարդարելու են մի ամբողջ բալետային ներկայացում: Մտահղացումը բալետի պարուսույց, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանինն է: «Մենք այս տարի ենք ուզում դա իրականություն դարձնել: Իհարկե, կցանկանանք, որ շանսոնյեն ներկա լինի բալետային այդ ներկայացմանը»,-այսօր ասաց պարոն Խառատյանը: Խորեոգրաֆը նախատեսում է նաև «Անուշ»-ը ներկայացնել հանդիսատեսին նորովի՝ դուդուկի, զուռնայի կոնտրաստի մեջ: «Իմ ցանկությունն է ոչ թե ֆոլկլորով, այլ մեր պատմությամբ, մեր ոգով ու ազնվությամբ ներկայանանք աշխարհին: Այսօր Հայաստանը Մոսկվայի պատուհանից է նայում աշխարհին: Իսկ թե ինչ է կատարվում Նյու-Յորք սիթիում, Գրանդ օպերայում կամ այլ տեղ, չգիտենք»,-ցավով նշում է նա: Հաջորդ տարվա համար էլ արդեն իսկ ծրագրեր կան. պարուսույցը նախատեսում է Գիլգամեշի էպոսը բեմադրել: Հայ բալետի երբեմնի արտիստը, որն այժմ կրթում է երիտասարդներին, շարունակում է իր մտահոգությունը հայտնել այս ասպարեզում տիրող իրավիճակից, որն արտացոլվում է Օպերային թատրոնում: «Հիմա որ նայում եմ՝ բալետի մեջ շատ վատ որակ է, քանի որ թատրոնում աշխատում են օրական մի ժամ: Բոլորը լավ մարդիկ են, բայց բոլորը չէ, որ գիտեն՝ ինչ է կատարվում աշխարհում: Թիմային աշխատանք է պետք»: Պարոն Խառատյանն այս խնդրին իր լուծումն է առաջարկում, որպեսզի չառաջանան նման իրավիճակներ, երբ թատրոնի գլխավոր դիրիժորը զրկվում է իր աշխատանքից. «Այդ ամենը պետք է շատ հստակ ծրագրավորվեր, այդ ժամանակ և Կարեն Դուրգարյանը, և մյուսները կենթարկվեին դրան և մենք չէինք կորցնի ոչ Կարենին, ոչ մյուսին: Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ այսօր Կարենին հանենք, վաղը մյուսին: Մենք պետք է այնպես անեինք, որ Կարենն օգտակար լիներ հայկական օպերային արվեստին»: