Գումարները՝ նրանց, որոնք ունեն դրա կարիքը
Կառավարությունն այսօր հաստատեց որոշում, ըստ որի պետք է ուժը կորցրած ճանաչել կառավարության` 2016 թ. հունվարի 14-ի «2016 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» N 5-Ն որոշման 7-րդ կետը: Քաղաքային համայնքների ղեկավարների առաջարկվեց հսկողության տակ վերցնել ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման օրինականության ապահովման հարցը, ինչպես նաև տարածքային մակարդակում աջակցող ցանցի ձևավորման, սոցիալական համագործակցության համաձայնագրերի կնքման գործընթացը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ խնդիրը ծագել է Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում. «Այնտեղ, իրոք, կար բաց, և այս որոշումով նախ մենք կրճատում ենք այդ գումարի չափը, և այդ աջակցության խորհուրդները, կարծես, ֆորմալ բնույթ էին կրում, և հիմա հանձնարարել եմ պատկան մարմիններին, որ ուշադրություն դարձնեն գումարի բաշխման անաչառությանը և արդյունավետությանը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: Նա հանձնարարեց կառավարության աշխատակազմին, տարածքային կառավարման նախարարին ու արտակարգ իրավիճակների նախարարին ուշադիր լինել, որ գումարները հասնեն այն մարդկանց, ովքեր իրոք ունեն այդ օգնության կարիքը: