Ստրադիվարիուսի ջութակը՝ Երևանում
«Սառույցի թագավորները» սառցե շոուի պրոդյուսերը հատուկ Հայաստանի համար փոխել է նախագծի ձևաչափն ու ստեղծագործական միտքը: Այդ մասին տեղեկացրել է «Ֆորպոստարտ պրոդաքշընի» հիմնադիր և «Սառույցի թագավորները» նախագծի կազմակերպիչ Զառա Մխեյանը։ Եվ այսպես, հատուկ հայ հանդիսականի համար շոուի հյուրն է հռչակավոր ջութակահար Էդվին Մարտոնը, ով նվագում է մեծանուն Անտոնիո Ստրադիվարիուսի՝ 1698 թվականին ստեղծված ջութակով: Հունգար նշանավոր կոմպոզիտորը հայտնի է դասական կոմպոզիցիաները և գերժամանակակից հնչողությունները միավորելու և յուրօրինակ մշակումներ կատարելու իր առանձնահատուկ տաղանդով: Հանրահայտ կոմպոզիտորը արժանացել է EMMY մրցանակի՝ աշխարհի հռչակավոր գեղասահորդների, օլիմպիական չեմպիոնների օլիմպիական ծրագրերի լավագույն երաժշտության համար. նրանց թվում են Եվգենի Պլյուշչենկոն, Տատյանա Տոտմյանինան, Մաքսիմ Մարինինը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մայիսին Էդվին Մարտոնն իր ընկերներ Եվգենի Պլյուշչենկոյի և Դիմա Բիլանի հետ հաղթել է Եվրատեսիլում: Հատուկ Պլյուշչենկոյի համար տեղադրվել էր պլաստիկե սառույցի բեմ: «Սառույցի թագավորները» սառցե շոուն կկայանա 2016 թվականի մարտի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 19.00-ին: