«Ես բացակայում եմ Ֆրանսիայից, ոչ թե Հայաստանից» (տեսանյութ)
«Երաժիշտը պետք է երաժշտությամբ զբաղվի և վերջ»,- վստահ է Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը: «Երաժշտի միսիան մարդկանց հոգևոր սնունդ տալն է»: Դիրիժորի հետաքրքրությունը պետք է լինի երաժշտությունն ու երաժիշտը, ում հետ աշխատում է: Վահան Մարտիրոսյանը բոլորովին նորմալ է ընդունում, որ երաժիշտները կարող են ցանկանալ այլ դիրիժորի հետ աշխատել: Կամերային նվագախումբը ամենատարբեր ծրագրեր կիրականացնի այս տարի: Վաղվա համերգը կբացի մի շարք, որը ձեռք պետք է պարզի երիտասարդ կատարողներին: Հուլիս- օգոստոսին նվագախումբը կմեկնի հյուրախաղերի Ֆրանսիա, Շվեյցարիա, հնարավոր է համերգներ ունենան նաև Իտալիայում և Գերմանիայում: Առայժմ բանակցությունների փուլում են: Իսկ մինչ այդ նվագախումբը երևանյան երաժշտասերներին կմատուցի հաճելի անակնկալներ: «Երաժշտի աշխատանքը ժողովրդին զարգացնելն ու ուսուցանելն է»,- ասում է Վահան Մարտիրոսյանը, «և եթե ժողովուրդը դահլիճ չի գալիս, դա մեր մեղքն է, ոչ թե ժողովրդի»: Դասական երաժշտությունը չի ստեղծված միայն իմացողների համար: Այսօրվա դասական երաժշտությունը դարձել է դասական, բայց 300 տարի առաջ, երբ Մոցարտը գրում էր, դա պոպուլյար երաժշտություն էր: «Մենք չենք կարող ապրել միայն նոստալգիայով, լսել միայն այն երաժշտությունը, որ ստեղծվել է մինչև մեզ: Մենք պետք է ստեղծենք մեր վաղվա երաժշտությունը: Եվ պետք է պարտադիր կատարենք ժամանակակից կոմպոզիտորների գործերը, ու չվախենանք հանդիսատես կորցնելուց»: Համար մեկ խնդիրը նվագախմբի համար ֆինանսներն են: Ճիշտ է, այսօր արդեն ունեն հովանավորներ, և կարողացել են մի փոքր բարելավել երաժիշտների կյանքը, սակայն դա բավարար չէ: Երկրորդ կարևոր խնդիրը կուլիսային ինտրիգներն են, մասնավորապես խոսակցությունները, որ Վահան Մարտիրոսյանը հաճախ է բացակայում Հայաստանից: «Ես բացակայում եմ Ֆրանսիայից, այլ ոչ թե Հայաստանից»,- պատասխանում է նա։ Վահան Մարտիրոսյանը հորդորում է հանգիստ թողնել նվագախմբին: «Նվագախումբը գնալով աճում է։ Այնտեղ երաժիշտ-դիրիժոր հարաբերությունները միաժամանակ և պրոֆեսիոնալ են և մարդկային: Նվագախումբը պետք է ունենա իր մայրենի դիրիժորը, և նաև անխոս հրավիրյալ դիրիժորներ, որոնք իրենց նոր խոսքը կասեն»: