Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օմբուդսմենի հարցը լուծում է ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zurabyan

Մարդու իրավունքների պաշտպան նշանակելու կամ հրաժարականի խնդիրը լուծում էր ու շարունակում է լուծել ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՄԻՊ ընտրության կարգի վերաբերյալ ԱԺ որոշման մեջ փոփոխությանն ու նոր թեկնածուների առաջադրման գործընթացին: Քանի որ, ըստ նրա, ամեն ինչ վերահսկվում է ՀՀԿ-ի կողմից, ՀԱԿ-ը հակված է չմասնակցելու օմբուդսմենի ընտրության գործընթացին: 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում անցկացված սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ փորձագիտական խումբը ներկայացրել է իր վերջնական զեկույցը, որտեղ նշում է, որ սահմանադրական հանրաքվեն կազմակերպվեց առանց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հանձնարարականների ուղղությամբ որեւէ նշանակալի քայլ կատարելու` ամրապնդելու համար ընտրական գործընթացի հանդեպ հասարակության վստահությունը: Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ այսպիսի հայտարարություն ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը երբեք չէր արել, որը, ըստ էության, դելեգիտիմացնում է անցած հանրաքվեն. «Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ հանրաքվեում մենք տարել ենք լրջագույն հաղթանակ. մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ մարդիկ զանգվածաբար գնացել «ոչ» են ասել, իսկ ընտրական համակարգը այդ ամենի ապահովիչ համակարգը լինելու փոխարեն նա իրականում ոտնահարել է այդ արտահայտած կարծիքը եւ արտահայտել է արդյունք, որ իրականության հետ որեւէ կապ չունի»: Դրանից ելնելով, ըստ նրա, միջազգային հանրությունը հիմա շատ կոշտ պահանջներ է դնում ՀՀ իշխանությունների առաջ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության առումով. «Սերժ Սարգսյանը երազում էր, որ սահուն հանրաքվե անցկացնի, որից հետո միջազգային հանրությունն իրեն ավելի արխայնացած կզգար եւ չէր մասնակցի նոր ԸՕ ընդունման գործընթացին, եւ հետագայում էլ դիտորդական վերահսկման գործընթացին: Հիմա միջազգային հանրությունը հարցը շատ կոշտ է դնում, որ մինչեւ վերջ ու շատ խիստ վերահսկելու է 2017թ. ԱԺ ընտրությունները: Սա դառնում է անկյունաքարը միջազգային հանրության ուշադրության, որ սրա վրա կենտրոնանալու են: Ուստի, մենք կարծում ենք՝ եթե մենք անգամ չկարողացանք ժողովրդի կամարտահայտությունը վերածել ֆորմալ հաղթանակի, մենք երկու կարեւոր բան ենք կարողացել անել՝ կարողացել ենք կայացնել այդ կամարտահայտությունը, եւ ստեղծել ենք ավելի խստապահանջ ֆոն՝ առաջիկա ընտրությունների անցկացման շուրջ»: Պարոն Զուրաբյանի կարծիքով՝ այժմ այն պահն է, երբ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ պետք է ստեղծել ընդհանուր պահանջների միասնական պլատֆորմ, դրա համար ստանալ միջազգային դեմոկրատական հանրության աջակցությունն ու այս իշխանություններից կորզել բոլոր հնարավոր զիջումները: